Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում դեկտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել Նորագավիթի 61-ամյա բնակիչի վերաբերյալ։ Մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու և իրացնելու մասին տեղեկությունն անմիջապես ստուգվել ու հաստատվել է: Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ըստ հաղորդագրության՝ դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և ավտոմեքենայում. «Հայտնաբերվել են «ՍԿՍ» տիպի ինքնաձիգ, մեկ ինքնաձիգ՝ հեռադիտակով, 2 «Մակարով» տեսակի, 2 «Չեզետա» տեսակի, 1 թմբուկավոր և 9 այլ մարտական ատրճանակ, ատրճանակի բռնակներ, դետալներ, փամփուշտներ, 32 հրապատիճ, այլ զինամթերք և զենքի ձևափոխման, վերանորոգման համար նախատեսված հաստոցներ»:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվածներն առգրավվել են։
«61-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը տղամարդը ձեռք է բերել մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 51-ամյա բնակչից։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև 51-ամյա տղամարդու տնակում։ Հայտնաբերվել են մարտականի ձևափոխված 6 ատրճանակ և տարբեր տրամաչափի 125 մարտական փամփուշտ։
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,- նշված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
comment.count (0)