Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը
21:33 - 31 դեկտեմբերի, 2024

Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանք է հղել։ 

«Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ,

Ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։

Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս և ձմռան ցրտի մեջ հոգևոր ջերմություն է պարգևում քրիստոնյաներիս վայրիվերումներով լի աշխարհում։

Արցախցի մեր ժողովրդի համար անցնող մի քանի տարիները փորձությունների ու դառնությունների ժամանակաշրջան եղան, սակայն ամեն նոր սկզբի, ժամանակի անիվի նոր շրջապտույտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի։

Ինչպես Սուրբ ծննդյան շարականն է փոխանցում, «Այսօր արևն արդարության երևաց մարդկանց մեջ»։ Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը։ Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները։ Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը։

Եվ թող հրեշտակաձայն բարբառով կրկին մեր հայրենիքում իրար փոխանցենք Սուրբ ծննդյան սիրո ողջույնը.

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել