Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում․ Էդմոն Մարուքյան |lragir.am|
09:35 - 17 դեկտեմբերի, 2019

Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը խորհրդարանում հրավիրած ասուլիսում անդրադարձան հարցին, թե ինչո՞ւ են քննարկում Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը:

«Լուսավոր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի ավագանիում, և եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը, պետք է դուրս գա ավագանիից, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանիում: Հետևաբար, որևէ պատասխանատվություն չենք կրի Երևանի ավագանու իրականացրած գործունեության համար: Սա կարևոր հարց է, մենք հազարավոր նամակներ ենք ստանում, և քաղաքացիներին ուզում ենք ասել, որ լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ, և, այո, մենք դրանից բխող քայլեր ենք քաննարկում: Սա է ամբողջը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ ավագանու անդամների երեկվա ելույթից հետո իրենք պետք է արձագանքեին, սա այդ արձագանքն է: Ըստ Մարուքյանի՝ իրենք ավելի քան գոհ են Դավիթ Խաժակյանի աշխատանքից, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին:

«Բայց իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում»,- հավելեց Մարուքյանը: Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունը:

«Եվ երբ կառավարման խորհուրդն ու կուսակցությունը գնահատում են, որ Լույս խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, պետք է հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունը կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, ինչի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը: Հետևաբար, այս առումով մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է անենք այն դեպքում, երբ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը կուսակցության օրակարգում չկա»,- ասաց Թանդիլյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել