Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը
12:24 - 18 հունվարի, 2025

Հրապարակվել է ՌԴ-ի ու Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի տեքստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երեկ՝ 2025թ․ հունվարի 17-ին, ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում։

Պայմանագիրը բաղկացած է 47 կետից։

Ըստ երկու նախագահների՝ այս փաստաթուղթը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների համագործակցության համար, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։

Նշվում է, որ կողմերը որոշել են առաջնահերթություն տալ այս պայմանագրի ստորագրմանը, քանի որ նախորդ համաձայնագիրը այլև համապատասխան չէր տարբեր ուղղություններով երկու երկրների միջև հարաբերությունունների աճող դինամիկային։

Ըստ համաձայնագրի տեքստի՝ պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում երկու երկրների կողմից համապատասխան ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցման օրվանից 30 օր հետո 20 տարի ժամկետով՝ ավտոմատ 5 տարի երկարաձգմամբ։

Համաձայնագրի կետերից մեկը վերաբերում այն դեպքերին, երբ պայմանավորվող կողմերից մեկը ենթարկվի ագրեսիայի։ Այս դեպքում մյուս կողմը ագրեսորին չպետք է տրամադրի որևէ ռազմական կամ այլ օգնություն, որը կնպաստի ագրեսիայի շարունակմանը, և պետք է ապահովի, որ ծագած տարաձայնությունները հարթվեն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ կիրառելի կանոնների հիման վրա:

Կողմերը նաև չպետք է թույլատրեն իրենց տարածքների օգտագործումը ի պաշտպանություն անջատողական շարժումների և այլ գործողությունների, որոնք սպառնում են մյուս կողմի կայունությանը և տարածքային ամբողջականությանը։

Պայմանագրում նաև նշվում է համատեղ զորավարժությունների անցկացման մասին։

Կողմերը պայմանավորվել են նաև ավելի մատչելի դարձնել առևտրային, տնտեսական և արտադրական համագործակցութունը, այդ թվում՝ համատեղ ներդրումները, ենթակառուցվածքների ֆինանսավորումը՝ դյուրացնելով առևտրի ու բիզնեսի մեխանիզմները, բանկային ոլորտում համագործակցությունը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ու մտավոր գործունեության արդյունքների խթանումը ու փոխանցումը։

«Պայմանավորվող կողմերը, տեղյակ լինելով իրենց ներդրումային հնարավորությունների մասին, կարող են համատեղ ներդրումներ կատարել երրորդ պետությունների տնտեսության մեջ և այդ նպատակով պահպանել երկխոսությունը համապատասխան բազմակողմ մեխանիզմների շրջանակներում»,- նշվում է պայմանագրի կետերից մեկում։

Կետերից մեկը վերաբերում է կողմերից մեկի նկատմամբ երրորդ կողմից պատժամիջոցների կիրառման դեպքում մյուսի քայլերին։ Ըստ համաձայնագրի՝ կողմերը չպետք է միանան պատժամիջոցներին, պետք է հակազդեն դրանց կիրառմանը, այն համարեն ապօրինի և ոչ բարեկամական գործողություն, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար ու մեղմելու այդ պատժամիջոցների ազդեցությունը։

Պայմանագրով կընդլայնվի համագործակցությունը առողջապահական, գիտական, կրթական, մեդիայի, մշակույթի, արվեստի, սպորտի, շրջակա միջավահրի պաշտպանության, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել