«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
09:41 - 19 հունվարի, 2025

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։

Մենք հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։

Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով,  վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է:

Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն:

Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։

«Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում թիվ մեկ խնդիրն է կասեցնել տրանսպորտի թանկացումը, որն այս քաղաքային՝ ինը տոկոսանոց իշխանություններն ուզում են հրամցնել ժողովրդին՝ մի նոր բեռ ավելացնելով նրանց ուսերին»,- նշել է խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել