15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. նախագծերի փաթեթ
 |hetq.am|
22:04 - 13 մարտի, 2025

15 000 դրամ տուգանք՝ առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար. նախագծերի փաթեթ |hetq.am|

hetq.am: Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար: 

Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Նախագծի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը  պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Մասնավորապես՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:

Նախագծի համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Վերջիններիս տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու (փակ պահելու) հրահանգները:

Տեղական վճարի գանձման նկատմամբ հսկողության իրականացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար:

Հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու են դիմել և ստանալ ոստիկանության աջակցությունը՝ նույնացման գործընթացին խոչընդոտող ուղևորների նույնացում կատարելու, ինչպես նաև՝ տեղական վճարը չվճարած կամ ուղևորության կանոնները այլ կերպ խախտող անձանց հետագա երթևեկությունը դադարեցնելու համար:

Նախագծի հեղինակները նշում են, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով ավտոբուսի սրահը և դրսի հատվածը, կանգառասրահները կարող են լուսանկարահանվել և տեսանկահանվել: 

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամների մասնակցությամբ Երևանի տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացվում: Քաղաքացիները վճարում են 100 դրամ կամ առանց վճարելու իջնում են տրանսպորտից: Օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթն ընդունելու նախաձեռնությամբ, հավանաբար, փորձում են կանխել բողոքի ակցիաները:

Նախագծերն օրենք դառնալու համար պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել