Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը․ Ռոբերտ Քոչարյան
12:49 - 17 փետրվարի, 2025

Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը․ Ռոբերտ Քոչարյան

Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև հիմա եթե Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նոր այդ կարգի միջազգային ֆորմատ ունենալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով այս պահին Մինսկի խումբը որևէ կերպ չի խանգարում որևէ բանի, ուստի մինչ նոր հնարավոր ձևաչափի ձևավորումը այն չպետք է լուծարել։

Խոսելով՝ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության մասին՝ Քոչարյանը նշեց, որ նրանք իրենց գործառույթը կատարում էին մինչ այն պահը, երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։

«Էդ պահին ի՞նչն էր քեզ (Նիկոլ Փաշինյանին՝ խմբ․) ստիպում՝ դու գնաս, Պրահայում էդ թուղթը ստորագրես, որ Շառլ Միշելը (ԵՄ խորհրդի նախկին նախագահ՝ խմբ․) ասի՝ էս ինչ լավ տղա ա։ Ո՞ւր ա հիմա Շառլ Միշելը, աո՜ւ։ Դուք չե՞ք տեսնում, որ Եվրոպայի առաջնորդները պաշտոնից հեռացնելուց հետո կորում են»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ փոխվել է այսօր։

Դիտարկմանը, որ Ադրբեջանն է պահանջում, որ լուծարվի Մինսկի խումբը, Քոչարյանը արձագանքեց․ «Ալիևը պահանջում է, դու էլ չես համաձայնում, ուրեմն՝ մնում ա Մինսկի խումբը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել