hetq.am: Նոր Խարբերդ թաղամասում շուրջ 10 հազար բնակիչ կա, որից 30%-ը անապահով սոցիալական վիճակում է։ Թաղամասի ընդհանուր տարածքը 374 հա է, ունի 80 փողոց: Հիմնադրման տարիներից՝ 1969-ից, չի ունեցել գազամատակարարման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կոյուղատար), էլեկտրամատակարարման, ոռոգման ջրի, արտաքին լուսավորության ձևավորված, կայուն գործող համակարգեր:
Թաղամասը նախկին ամառանոցային-այգեգործական կարգավիճակից ամբողջությամբ վերածվել է մշտական բնակության վայրի։ Սրանով պայմանավորված՝ պատասխանատու գերատեսչությունները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Երևանի քաղաքապետարանը, առաջարկում են լուծել թաղամասի գազիֆիկացման խնդիրը։
2024 թվականին թաղամասի ամբողջական գազիֆիկացման հիմքերն են դրել։ Կառուցվել են թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող 10․6 կմ երկարությամբ գազատարը, գազաբաշխիչ և չափիչ հանգույցները։
Թաղամասն ամբողջությամբ գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցն ընդլայնել, և թաղամասի բոլոր փողոցներում անցկացնել գազամատակարարման խողովակներ։ Ըստ հիմնավորման՝ աշխատանքների իրականացման նպատակով Շենգավիթ վարչական շրջանը պատվիրել և ձեռք է բերել գազատար խողովակաշարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ առանց ներքին միացումների։ Նախահաշվային արժեքը կազմել է մոտ 875 մլն դրամ՝ շուրջ 50 կմ երկարությամբ գազատար խողովակաշարի համար։ Բայց հիմնավորման մեջ նշվում է, որ շինարարական աշխատանքները չեն կարող իրականացվել Երևանի քաղաքապետարանի միջոցներով՝ քաղաքի բյուջեի սղության պատճառով։
ՏԿԵՆ-ն առաջարկում է Նոր Խարբերդի գազիֆիկացման հարցն ընդգրկել 2023-ին ընդունված «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու» ծրագրում։
Այժմ Նոր Խարբերդ թաղամասում բնակելի տների ջեռուցումն իրականացվում է մետաղյա վառարաններով՝ վառելափայտով․ փայտը հիմնականում տրամադրում է համայնքը՝ որպես սոցիալական աջակցություն։ Կամ էլ օգտագործում են էլեկտրական ջեռուցիչներ և տաքացուցիչներ։ Ըստ երեք գերատեսչությունների հիմնավորման՝ գազամատակարարման առկայության դեպքում ջեռուցումը կդառնա ավելի մատչելի և անվտանգ, միաժամանակ կզարգանա տներին կից հողատարածքներում ջերմոցային տնտեսությունների հիմնումը։
Նոր Խարբերդ թաղամասը ենթակառուցվածքային հագեցվածությամբ տարբերվում է Երևան քաղաքի այլ թաղամասերից․ ճանապարհների մեծ մասն ասֆալտապատված չէ, դեռևս ավարտին հասցված չէ ջրամատակարարումը, ոռոգման ջրագծերը ենթակա են հիմնանորոգման, բացակայում է կոյուղատար համակարգը, դպրոց ու մանկապարտեզ չկա։ Վերջինի նախագծահաշվարկային աշխատանքներն են իրականացնում։
Նոր Խարբերդ թաղամասում 2024 թ. մեկնարկել և իրականացվում են 73650 գծմ ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025-ին: Վերջին տարիներին Երևան համայնքի բյուջեով թաղամասում իրականացվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ: Փողոցների գերակշիռ մասում անցկացվել է արտաքին լուսավորության ցանց: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բարելավել է էլեկտրամատակարարման համակարգը:
comment.count (0)