Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք. Հակակոռուպցիոն կոմիտե
16:07 - 24 փետրվարի, 2025

Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 2023-2024 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում, առանց նրանց մասնակցության վերջիններիս նկատմամբ կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձանագրություններ: Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն:    

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով: 

17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հաստատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել