armenpress.am: Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները:
Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:
Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից առաջինը սահմանադրական բարեփոխումներն են:
«Դրանք, կարելի է ասել, ընթացիկ փուլում են գտնվում: Գործում է համապատասխան խորհուրդը, կազմված է Սահմանադրության հայեցակարգը: Այժմ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր տեքստի վրա, որը, ըստ ստանձնած հանձնառության, պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները»,–ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը շեշտադրելու է մարդու իրավունքները, այդ թվում՝ սոցիալ–տնտեսական իրավունքները, ինչպես նաև պարունակելու է մի շարք դրույթներ՝ կապված կառավարման կարգի, տարբեր պետական մարմինների տեղի և դերի մասին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ժողովրդին հղած գաղափարական ուղերձում հայտարարել էր, որ Հայաստանում համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա։
comment.count (0)