factor.am: Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին նախարար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Վերջին երկու անձինք այժմ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ են, իսկ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի համաձայնությունը:
Նշենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Վերջ նշված 4 անձանց 2018 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրված, սակայն Սահմանադրական դատարանը նրանց վերագրվող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական, և առաջին ատյանի դատարանը դադարեցրեց նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու կարճվեց Մարտի 1-ի քրեական գործի վարույթը:
Գործը կարճելու որոշումը, սակայն, Վճռաբեկ դատարանը բեկանել է ու այն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այժմ դատախազությունը դատարանում հանդես է եկել գործով անցնող նախկին պաշտոնյաներին վերագրվող արարքին նոր իրավական գնահատական տալու միջնորդությամբ: Ըստ դատախազության՝ Քոչարյանին և մյուսներին պետք է մեղսագրվի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մեղադրանք:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը դիտարկեց, որ, ըստ էության, սա Օհանյանին նոր մեղադրանք առաջադրելու գործընթաց է, իսկ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Այսինքն՝ պաշտպանը վիճարկում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրինականության հարցը: Այս հարցի քննարկումը շարունակվում է:
comment.count (0)