Մենք հակված ենք նախագիծը ընդունելու. Խանդանյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մասին
 |1lurer.am|
17:50 - 04 մարտի, 2025

Մենք հակված ենք նախագիծը ընդունելու. Խանդանյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: Ինչպես հայտնել էինք՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ այս քառօրյայում չի ընդգրկվի:

Ընդդիմությունը և տարբեր մարդիկ կարող են տարբեր աստառներ կարել այս իրավիճակին, որը շատ պարզ, տեխնիկական հարց է: Այն նախագծի իրավական տեխնիկային է վերաբերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով քննադատություններին՝ արդյո՞ք սա հետքայլ է նշանակում իշխանությունների կողմից:

Հիշեցնենք՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել էր, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ:

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է երկու ամիս ժամկետով:

«Կառավարությունն արել է առաջարկներ և երեկ պարզվեց, որ նախաձեռնությունը ներկայացնողները կարծես թե հակված չեն ընդունելու առաջարկները: Դրա պատճառով քվեարկությունը ընդմիջվեց, ինչպես նախատեսում է ԱԺ կանոնակարգ օրենքը և կվերսկսվի մոտ ապագայում, մինչև կձևավորվի կոնսենսուս մեր և նախաձեռնողների միջև»,- պարզաբանեց Խանդանյանը:

Ճշտող հարցին՝ որն է խնդիրը, պատգամավորը պատասխանեց՝ շատ մանրամասն տեղյակ չէ, թե որ ձևակերպումն է խնդրահարույց:

«Կարծեմ նախաբանի մեջ կա որոշակի ձևակերպում, որը Կառավարությունն առաջարկել է հանել՝ հաշվի առնելով, որ սա օրենք է, հռչակագիր չէ, որպեսզի իրավական առումներով ավելի կոռեկտ լինի նախագիծը, և այստեղ ես որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չեմ տեսնում»,- նշեց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք չկա նախագծից հետ կանգնելու միտում, Խանդանյանը տվեց բացասական պատասխան:

Նրա խոսքով՝ եթե միտում լիներ, ընդհանրապես կարելի էր հետաձգել, և հանձնաժողովի նիստ անելու կարիք գուցե չառաջանար:

«Բայց մենք հակված ենք նախագիծը ընդունելու»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներ տանելու վերաբերյալ հնչող քննադատություններին, ընդգծեց՝ յուրաքանչյուր կոնտեքստ յուրահատուկ է:

«Վառ երևակայության դեպքում հնարավոր է նման եզրահանգումների գալ, բայց մեր արտաքին քաղաքական դիրքավորումը և կուրսը հայտնի են մեր հանրությանը և նաև ընդդիմությանը: Մենք այդ կուրսից չենք շեղվում: Ես չէի ցանկանա, որ բացարձակ այլ կոնտեքստում տեղի ունեցած իրադարձությունը կապվի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ»,- խոսքը եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել