armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի hանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված` թուրքական լրատվամիջոցների մասնակցությամբ եռօրյա մեդիատուրի շրջանակներում լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են վերանորոգված անցակետին, դրա տեխնիկական հնարավորություններին։ Արձանագրվել է, որ անցակետն ամբողջությամբ պատրաստ է գործարկմանը։
Լրագրողների թվում է եղել նաև «Ակոս» պարբերականի թղթակից Լուսյեն Քոփարը, ով տեղում հարցազրույց է անցկացրել Օրբելի կենտրոնի փորձագետներից Արմեն Պետրոսյանի հետ։ Պարբերականում հրապարակված հոդվածում Արմեն Պետրոսյանը ներկայացրել է «Մարգարա» անցակետի վերանորոգման ընթացքից որոշ մանրամասներ։
Ավելի վաղ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։
comment.count (0)