civilnet.am: Իրավական ակտերի նախագծերի e-draft.am հարթակում քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ Երևանում ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղևորները կենթարկվեն տուգանքի 15,000 դրամի չափով։ Արտոնություն ունեցող անձի փոխարեն այլ անձի երթևեկելու դեպքում տուգանքը կկազմի 18,000 դրամ։
«Մեր խնդիրը այն չէ, որ մարդկանց բերենք օրինականության դաշտ, մեր խնդիրը այն է, որ եթե կա ծառայություն, դրա համար պետք է վճարել»,- մարտի 12-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ըստ նախագծի՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել տեղական վճարի վճարման կրիչը և մինչև ուղևորության ավարտը պահպանել իրենց մոտ: Վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում պետք է տրամադրեն այն ստուգելու նպատակով:
Կոստանյանի խոսքով՝ նախագծի ուժի մեջ մտնելը կախված է, թե ԱԺ-ն երբ դրան հավանություն կտա. «Դրանից հետո որոշակի տեխնիկական միջոցներով Երևանի քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանումը արդեն կիարականցնի այդ տուգանքի մեխանիզմը»։
Հայկ Կոստանյանը չգիտեր, թե ինչ տրամաբանությամբ է ներդրվել ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում վճարելու պահանջը, չհերքեց, որ կլինեն տեխնիկական որոշ փոփոխություններ․ «Գուցե այդ մասով որոշակի փոփոխություններ լինեն մինչև նախագծի ընդունումը»։
Ըստ նախագծի՝ հսկողությունն իրականացնելու են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Նրանց տված հրահանգները պարտադիր են լինելու ուղևորների և վարորդի համար։ Հսկողության իրականացման համար կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ՝ տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրում, որոնք կարող են հիմք լինել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացման համար:
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Որպեսզի նախագծերն օրենք դառնան, պետք է ընդունվեն Ազգային ժողովի կողմից։
comment.count (0)