Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ եթե մինչև մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացվեն, վերջիններս վերսկսելու են բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝ Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված <ԿԱԷՌ ԲԻԼԴ> ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված:
Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար:
Միաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ:
Դրան ի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն:
Հանդիպումից հետո «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչը, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները հայտնել էին իրենց պատրաստակամությունը Անաստաս Միկոյան 64/7 հասցեով գրանցված առանձնացված 4000քմ հողամասը Անաստաս Միկոյան 64 հասցեում առկա 2.97055 հա հողամասին միավորելու կապակցությամբ՝ դրանով ապահովելով թաղամասի բնակիչների՝ թաղամասի սպասարկման ընդհանուր հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության գնման իրավունքները:
Թաղամասի բնակիչները, միամտաբար հավատալով Երևանի քաղաքապետի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների խոստումներին, անհամբեր սպասում էին հարցի լուծմանը և իրենց խախտված իրավունքների վերականգնմանը: Սակայն առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա, ավելին՝ կառուցապատող ընկերության ղեկավարությունը մի շարք բնակիչների հայտնել է, որ որևէ պարագայում իրենք չեն պատրաստվում առանձնացված 4000քմ հողը միավորել թաղամասի ընդհանուր սպասարկման և հաստատված նախագծով հողին:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պնդրումներին՝ կապված Երևանի գլխավոր հատակագծի հետ, ցանկանում ենք նշել, որ կա՛մ Երևանի քաղաքապետը չի տիրապետում գործընթացներին և իր ենթակաները ուղղակի խաբում են իրեն, կամ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին՝ այդ կերպ փորձելով հանդարտեցնել բնակիչների ցասումը և մեղմել բողոքի ակցիաները։ Այս պնդման հիմնավորումը ներկայացնում ենք ստորև՝
Նշենք նաև, որ թաղամասի բնակիչների փաստաբանների կողմից «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին մոտ մեկ ամիս առաջ ներկայացվել են այն իրավական քայլերը, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել առանձնացված հողի միավորման գործընթացը՝
Քանի որ ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվում է տոտալ անկարողություն կամ զրո ցանկություն ու կամք քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառուցապատող ընկերության ղեկավարությունը, ընկերության սնանկության գործով կառավարիչը որևէ գործողություն չեն իրականացրել և չեն էլ պատրաստվում իրականացնել բնակիչների կողմից գնված և իրենց պատկանող հողի վերադարձման ուղղությամբ,
Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչներս հայտնում ենք, որ մինչև 2025թ. մայիսի 30-ը առանձնացված հողի վերամիավորման ուղղությամբ առարկայական գործողություններ չիրականացնելու դեպքում վերսկսելու ենք բողոքի խաղաղ ակցիաները՝ կիրառելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված ողջ գործիքակազմը:
Քանի որ մենք սպառել ենք բողոքի ոչ ծայրահեղ միջոցներով արդարության հասնելու մեր բոլոր ջանքերը, ուստի վերոնշյալ ծայրահեղ քայլերի ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը, իրավապահ և պետական այլ մարմինները, ինչպես նաև ուղղակի մեղավոր «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ղեկավարությունն ու սեփականատերերը»։
comment.count (0)