Հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է․ միջադեպի մասնակիցը ժխտում է տարածված տեղեկությունները
18:06 - 26 օգոստոսի, 2019

Հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է․ միջադեպի մասնակիցը ժխտում է տարածված տեղեկությունները

Մամուլում լուրեր էին տարածվել, թե Գնդեվազ գյուղում «Ամուլսարն առանց հանքի» ակցիայի մասնակիցները կտրել են իրենց դիտողություն անողի ականջը:

Infocom-ը փորձեց միջադեպի մասնակիցներից Ժիրայրից, որի ականջն, ըստ տեղեկությունների, վնասվել էր, պարզել, թե ինչ է կատարվել:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ միջադեպի վայր է հասել, երբ այն արդեն վերջանալիս է եղել, և միայն բաժանել է վիճողներին: Վեճը ծագելու պատճառներից նա մանրամասներ չգիտեր:

Ժիրայրը ժխտեց այն փաստը, որ իր ականջը դիտավորյալ վնասել են:

«Դիտավորյալ չեն հրել, հետ-հետ գնալիս ոտքս կպել է քարին, ընկել եմ, ականջս վնասվել է»,- նշեց նա և հավելեց, որ վնասվածքն առանձնապես ծանր չի եղել, ու ինքն իրեն արդեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ ստացել են վնասվածքներ:

Միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը՝ Կեչուտի 25-ամյա բնակիչը, ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել