Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը

Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը

2024թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից հետո մեծ մասամբ բավարարվեց Ամուլսարում ոսկու հանք շահագործելու ծրագրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիների բողոքը։ Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունից։  Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեռևս 2015 թվականին Գնդեվազ գյուղի 11 բնակիչներ և 2 հասարակական կազմակերպություններ դատարան էին դիմել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ամուլսարի ծրագրին կանաչ լույս տված մի շարք իրավական ակտեր։ Երկարատև դատական գործընթացի մանրամասների մեջ չխորանալով՝ այս պահին կարևոր ենք համարում արձանագրել դատարանի կայացրած այս, թերևս պատմական, որոշումը, որով արձանագրվում է բապահպանական փորձաքննական եզրակացության օրենքի խախտումով ձեռք բերած լինելու և այդ գործընթացի ձևական բնույթ կրելու փաստերը։ Այս խնդիրը բազմիցս բարձրացրել են բնապահպանական հանրությունն ու հանքերին ընդդիմացող համայքները, ոչ միայն Ամուլսարի, այլ բազմաթիվ այլ ծրագրերի դեպքում։ Վճիռն ամբողջությամբ կարելի է գտնել այստեղ։ Նախաձեռնությունը մի քանի մեջբերում է կատարել դատական ակտի վճռից և Դատարանի վերլուծություն բաժնից, որը ներկայացնում ենք ստորև․ Դատարանը Վ Ճ Ռ Ե Ց. 1) ․․․հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բավարարել մասնակի. 2) անվավեր ճանաչել Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը.․․ *** Լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը հիմնականում նկարագրողական բնույթ ունի: Այն գերազանցապես վերարտադրում է դիմողի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները՝ հղում տալով դրանց վերաբերյալ տարբեր կազմակերպությունների ներկայացրած կարծիքներին: Սակայն վերը նշված հարցերի վերաբերյալ սեփական վերլուծություն տվյալ փաստաթուղթը չի պարունակում: Եվ դա պատահական չէ, քանի որ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած երեք անձանցից երկուսը (Ա. Մինասյան, Զ. Զուռնաչյան) վկայի կարգավիճակով հարցաքննվել են 12.02.2024թ. դատական նիստում և հայտնել են, որ չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ տվյալ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունը գնահատելու համար: Ըստ վկաների ցուցմունքների՝ նրանք միայն հավաքագրել են նախագծի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների կարծիքները և կազմակերպել են շահագրգիռ քննարկումներ, սակայն եզրակացությունում նշված հանգամանքների վերաբերյալ սեփական դատողություններ անելու փորձաքննական պատրաստվածություն, ըստ էության, չունեն: Իսկ լիազորված մարմնի փորձաքննական եզրակացությունը ստորագրած մյուս անձը (Հ. Գրիգորյան), ըստ վկա Մինասյանի, եղել է Բնապահպանական Փորձաքննություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրենը և բովանդակային առումով չի մասնակցել փորձաքննությանը: Դատարանը գտնում է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը չի ենթադրում վկաների նկարագրած կազմակերպչական աշխատանքները: ՀՕ-21 օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետով լիազորված մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն շրջանակում իրավասու է հրավիրել փորձագետների, որոնց մասնագիտական գիտելիքները հնարավորություն կտան լիարժեքորեն լուծել ՀՕ-21 օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության խնդիրները, նպատակ ունենալով պաշտպանել ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածով սահմանված շահերը, այդ թվում՝ ապահովել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքը, հիմնվելով նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված սկզբունքների, այդ թվում՝ գիտական հիմնավորվածության և օրինականության, վրա: Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներգրավված անձինք չեն ունեցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ, օրենքի վերը նշված պահանջները սկզբունքորեն հնարավոր չէ համարել կատարված: *** Դատարանը գործի քննության ընթացքում ձեռք է բերել նաև Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից հարուցված թիվ 69104218 քրեական գործով Էլարդ ընկերության փորձագետների կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը (22.07.2019թ.), որտեղ ևս փորձագետները մի շարք բնապահպանական ռիսկեր են արձանագրել: Դրանք ներառում են, ի թիվս այլնի, հետևյալ խնդիրները՝ ստորգետնյա ջրերի վրա ներգործությունը, թթվային ապարների դրենաժի թթվային միջավայրի ազդեցությունը, մակերևութային ջրերի որակի ոչ բավարար լինելը, սիմուլացիայի մեջ հաշվարկված ջրերի հոսքի ցածր հզորությունը և տեղաշարժը, բացահանքերից առաջացող ստորգետնյա ջրերի պոտենցիալ աղտոտում, դատարկ ապարների լցակույտի համար նախագծված պասիվ մաքրման համակարգի տարբեր թերություններ, կույտային տարրալվացման գործընթացների լուծույթների հետ կապված խնդիրները, ծրագրի տարածքի համար սեյսմիկ վտանգի բարձր ռիսկը, հետփակման ծախսերի մեծ մասի անհիմն լինելը, շրջակա միջավայրի մոնիթորինգային ծրագրի անբավարարությունը, գեոլոկացիոն տվյալների և դրանց սինթեզի բացակայությունը որպես կենսաբազմազանության գնահատման հիմնական թույլ կողմ և օդի որակի որոշակի խնդիրներ: *** Նման պայմաններում, երբ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը, ի խախտումն ՀՕ-21 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնված չէ մասնագիտական իրավասության հավաստագրեր ստացած լիազորված անձանց մասնագիտական եզրակացության վրա, ինչպես նաև դրանով չեն լուծվել նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված խնդիրները և չեն գնահատվել նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված հարցերը, օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը, ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իմաստով, կառավարելի չեն կարող որակվել: Ընդ որում, խոսքը բացառապես վիճարկվող ակտերով թույլատրված ընդլայնման մասին է, և դատարանի եզրահանգումը չի վերաբերում մինչ այդ երրորդ անձին տրամադրված իրավունքի իրավաչափությանը, որի վերաբերյալ վարչական ակտերը չեն վիճարկվում այս գործով: *** Դատարանն ընդգծում է նաև, որ վերը նշված իրավական դիրքորոշման պայմաններում նշանակություն չունի Լիդիան Արմենիա բաց բաժնետիրական ընկերության ներկայացրած այն տվյալները, որոնք, ըստ վերջինիս, հերքում են նախագծով նախատեսված գործունեության բնապահպանական ռիսկերը: Նշված ռիսկերը պետք է գնահատվեին ՀՕ-21 օրենքով սահմանված կարգով և չափանիշներով իրականացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության շրջանակում, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Դատարանը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը համարել կառավարելի, քանի դեռ դրանք օրենքով սահմանված կարգով վերլուծության չեն ենթարկվել լիազորված մարմնի կողմից: *** Դատարանը այս հարցում ուշագրավ է համարում նաև լիազորված մարմնի (Բնապահպանության նախարարություն, վերանվանված՝ Շրջակա միջավայրի նախարարության)՝ որպես գործով երրորդ անձի, դատավարական պասիվությունը: Երրորդ անձն, ըստ էության, որևէ փաստարկով չի փորձել պաշտպանել իր կողմից կազմված փորձաքննական եզրակացությունն այն պայմաններում, երբ հայցվորները հիմնականում վիճարկում են այդ փաստաթղթի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին: Ընդ որում, դատարանը այս խնդիրը բարձրաձայնել է Բնապահպանության նախարարին ուղղված 18.04.2019թ. գրությամբ, որից հետո ևս նախարարությունից չի ստացվել փորձաքննական եզրակացությունը պաշտպանող փաստարկներ: *** Ամբողջ վերը շարադրվածի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ տվյալ գործով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՕ-21 օրենքի վերը նշված դրույթների խախտմամբ, որի հետևանքով չի ապահովվել նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը օրենքով սահմանված կարգով և չափանիշներով գնահատված չլինելու պայմաններում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է տրվել՝ առանց պարզելու, թե արդյոք տվյալ գործունեության հետևանքով չեն առաջանա հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ։ *** Դատարանն ընդգծում է, որ բոլոր հայցվորները Գնդևազ համայնքի բնակիչներ են, որը ՀՕ-110-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 17-րդ կետերի իմաստով ներառում է շրջակա միջավայրի վրա հիմնադրույթային փաստաթղթի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հնարավոր ազդեցության ենթակա բնակավայր: Հաշվի առնելով նախատեսվող գործունեության փոքր հեռավորությունը հայցվորների բակավայրից, ըստ այդմ՝ այն ազդակիր համայնք ճանաչելու հանգամանքը, առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը էլ ավելի վտանգված է վիճարկվող ակտերով թույլատրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման հետևանքով: Քանի դեռ նախատեսվող գործունեությունը չի գնահատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ օրենքով սահմանված կարգով և չափանիշներով, հնարավոր չէ բացառել հայցվորների առողջ և բարեկեցիկ ապրելու համար անհամատեղելի պայմաններ ստեղծվելու իրական ռիսկը: *** Նման պայմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ վարչական ակտերն ընդունվել են օրենքի խախտմամբ ձեռք բերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության հիման վրա, որի հետևանքով խախտվել է ՀՕ-21 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու հայցվորների իրավունքը: Ուստի նշված վարչական ակտերը, ըստ Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի, անվավեր են: *** Այսպիսով, հայցը՝ Ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 24.11.2014 թվականի թիվ 286-Ա հրամանը, 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 25.11.2014 թվականի փոփոխությունը և Օգտակար հանծոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 29.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ Կոորդինատային համակարգի փոփոխության մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 11.11.2014 թվականի թիվ 188-Ա հրամանը, Օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված թիվ ՇԱԹՎ-29/245 թույլտվության 12.11.2014 թվականի փոփոխությունը և 2012 թվականի սեպտեմբերի 26-ին վերաձևակերպված լեռնահատկացման ԼՎ-245 ակտի 12.11.2014 թվականի փոփոխությունը վերացնելու պահանջի մասով՝ առարկայազուրկ և մերժման ենթակա:
10:51 - 04 դեկտեմբերի, 2024
Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է
 |civilnet.am|

Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է |civilnet.am|

civilnet.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։ Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվոթյունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը։ Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս, պայմանագրի հետաձգումը պատճառաբանվում է տեխնիկական խնդիրներով։ «Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը՝ վերոնշյալ գործարքների ավարտից հետո տեղի կունենա պայմանագրի կնքումը»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 2023-ի փետրվարին՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։
10:32 - 29 օգոստոսի, 2024
Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է

Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված՝ Սյունիքի մարզում գտնվող 7 միավոր հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրերով սահմանված ժամկետները 10 տարով երկարաձգելու դիմումին։  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նպատակ ունի շահագործել Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը։ Այդ նպատակով 2012-ից ի վեր ՀՀ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության եւ կառուցապատման մի շարք պայմանագրեր են կնքվել։ Դեռեւս 2014 թվականի փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավանախորդը) հետ կնքել է պետական սեփականություն հանդիսաղող մի շարք հողամասեր կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր։ Այդ պայմանագրերով կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել 10 տարի՝ մինչեւ այս տարվա փետրվարի 14-ը։ «Ինֆոքոմը» Սիսիանի համայնքապետարանից եւ Սյունիքի մարզպետարանից տեղեկացել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրերի ժամկետը երկարաձգելու համար դիմել է համայնքապետարանին։ Համաձայն ՀՀ կառավարության N 16-Ն որոշման՝ կառուցապատման իրավունքի տրամադրման համար համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինական գործ՝ անհրաժեշտ փաստաթղթերով, ուղարկում է մարզպետին, որն էլ 3-օրյա ժամկետում իր եզրակացության հետ միասին փաթեթն ուղարկում է պետական լիազոր մարմնին՝ այս պարագայում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը (ՏԿԵՆ)։ Պետական լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված նյութերը, ապա համապատասխան եզրակացությամբ վերադարձնում մարզպետին: Մարզպետը հնգօրյա ժամկետում եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին: Սյունիքի մարզպետը Սիսիան համայնքի ղեկավարի պատրաստած հողաշինական գործն իր դրական եզրակացությամբ ուղարկել է ՏԿԵՆ-ին։ «Ինֆոքոմը» նախարարությունից գրավոր հարցմամբ տեղեկացել է, որ պետական լիազոր մարմինը երկարաձգելու առաջարկը քննարկել է ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Կադաստրի կոմիտեի հետ, եւ փաթեթը վերադարձրել մարզպետին՝ հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի բացասական կարծիքը։ Այդ հողամասերը, որոնց վերաբերյալ Գորայքի համայնքապետարանն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը տասը տարի առաջ կնքել էին կառուցապատման իրավունքի մասին պայմանագրեր, ունեցել են արդյունաբերական, ընդերքօգտագործման նպատակային նշանակություն, կառուցապատման իրավունքով տրամադրման նպատակը եղել է ընդերքից օգտակար հանածոների արդյունահանումը։ Հողամասերն ունեցել են տարբեր մակերեսներ՝ 0,002 հա-ից մինչեւ 10,9467 հա, իսկ տարեկան վարձավճարը՝ 248 դրամից մինչեւ 1 մլն 810 հազար դրամ։ Կառավարության՝ վերը նշված որոշման մեջ ասված է, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրմանը բացասական եզրակացություն է տրվում, երբ ներկայացված տարածքները համընկնում են պետության կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի հետ: Եւ եթե տրվում է բացասական եզրակացություն, ապա արգելվում է հողամասերը տրամադրել կառուցապատման իրավունքով։ Հայարփի Բաղդասարյան
18:34 - 02 օգոստոսի, 2024
«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է
 |civilnet.am|

«Լիդիան Արմենիայում» բաժնետոմսերի նվիրատվությունը կառավարությանը հետաձգվում է |civilnet.am|

civilnet.am: Մինչ այս պահը կառավարությունը չի ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստող «Լիդիան Արմենիա» ընկերությունում 12,5 տոկոս բաժնեմասը։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 14-ին ընդունած որոշումներից մեկից։ Ըստ այդ որոշման՝ կառավարությունը երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 տոկոսի նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։ Այս պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ Որոշման մեջ նշվում է, որ մինչ այս պահը նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Բացի այդ, «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց 1,5 տարի առաջ՝ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև։ Եվրասիական զարգացման բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք է 12,5 տոկոսը իր բաժնետոմսերից նվիրատվությամբ հանձներ կառավարությանը։
10:53 - 14 հունիսի, 2024
«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը
 |factor.am|

«Լիդիան Արմենիա»-ի 12․5 % բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը |factor.am|

factor.am: Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2022 թվականի արդյունքներով կուտակել է 542.3 միլիոն ԱՄՆ դոլար պարտավորություններ և 662.3 միլիոն ԱՄՆ դոլար վնաս։ 2023 թ-ի ֆինանսական հաշվետվությունը «Լիդիան Արմենիան» մինչ օրս չի հրապարակել, ինչպես նաև հրապարակված չէ 2022-ի հաշվետվության հայերեն տարբերակը։ 2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի 18-ի նիստում հաստատվեց «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 %-ը Հայաստանին նվիրաբերելու որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց այս նվիրատվությունը, իսկ ահա ընկերության պարտքերի մասին որևէ խոսք չեղավ։ Factor.am-ը էկոնոմիկայի նախարարությունից խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ 12.5 % բաժնեմասը փոխանցվում է առանց որևէ պարտավորության, արդյո՞ք պայմանագրում նշվել է այդ մասին։ Նախարարությունից տեղեկացրին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը դեռևս նախապատրաստվում է: Դրա համար հունվարի 18-ին կառավարության որոշմամբ 1 ամիս ժամանակ է տրվել։ Նախարարությունը հղում է արել 2023 թ-ի փետրվարի 22-ին կնքված եռակողմ հուշագրին, որով «Լիդիան Արմենիան» պարտավորվել էր 12․5 % բաժնեմասն անհատույց տրամադրել կառավարությանը՝ առանց որևէ ֆինանսական պարտավորության։ Եթե պայմանագրում հստակ ձևակերպումներ չլինեն պարտավորությունների վերաբերյալ, ապա «Լիդիան Արմենիա»-ի պարտավորությունների 12․5%-ը` առնվազն 67․7 մլն դոլար (2022 թ-ի դրությամբ), կդառնա ՀՀ կառավարության պարտավորությունը։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
21:34 - 13 փետրվարի, 2024
Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Պայքարի կոչ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

ՀՀ քաղաքացի Աննա Նիկողոսյանն այսօր առավոտյան անհատական բողոքի ակցիա է իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։  Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ընդունելու է Ամուլսարի հանքի շահագործման նախագիծ ներկայացրած «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5%-ը՝ որպես սեփականություն։ Ըստ Փաշինյանի՝ Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով «բազմաթիվ մտահոգություններ էփարատում»։  Այսօր կառավարության շենքի դիմաց իր անհատական բողոքի ակցիան է իրականացրել Աննա Նիկողոսյանը՝ անհամաձայնություն հայտնելով կառավարության որոշմանը և հանքի հնարավոր շահագործմանը։ Աննան կոչ է անում դուրս գալ միանձնյա և կոլեկտիվ պայքարի՝ համախմբվելով Ամուլսարի՝ տարիներ շարունակվող դիմադրության շուրջ։ «Հետպատերազմյան տարիներին շատ ենք լսում «Հայաստանում ակտիվիզմ այլևս չկա», «Փողոցային պայքարը իմաստազրկվել է» արտահայտությունները։ Իրականում, համակարգի դեմ դիմադրությունը միշտ էլ եղել է և կլինի, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարներն անցնում են վերափոխման ու վերաիմաստավորման համեմատաբար լուռ փուլերի միջով»,- ասում է Աննան՝ նշելով, որ ինքն այսօր դուրս միայնակ է փողոց դուրս գալիս ոչ թե այն պատճառով, թե պայքարակիցներ չկան, այլ որովհետև մարել է երկրում որևէ բան փոխելու կոլեկտիվ հույսը․ «Ես դուրս եմ եկել փողոց՝ անձրևի տակ գոռալու, որ ակտիվիզմը մարդի՛կ են, փողոցային պայքարը մարդի՛կ են, իսկ մարդիկ դեռ կան, այստեղ են, ուրեմն մեզնից է կախված, թե ինչ իմաստ կստանա դիմադրությունը, և ինչպիսին կլինի փողոցային պայքարը։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Ամուլսարի հարցով․ ինքնակազմակերպվե՛ք, օգտագործե՛ք բոլորհարթակներն ու հնարավորությունները, բարձրաձայնե՛ք, տապալե՛ք միջոցառումները, միացե՛ք միանձնյա ակցիաներին, գտեք կոլեկտիվ դիմադրության ձե՛ր ձևերը»,- ասում է Աննա Նիկողոսյանը։
17:22 - 22 հունվարի, 2024
Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

Լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը  հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․   «Տարիներ շարունակ մենք պայքար ենք մղել մեր երկրի սրտում գտնվող մի հսկա ջրավազանի ակունքի համար, որի անունը շատերիս մոտ ասոցացվում է կանաչ պայքարի հետ: Ամուլսար, լեռ, որն ունի գրեթե 3000մ բարձրություն և իր ծածկույթով փակում է մոտ 30կմ քառակուսի տարածք, համալրում է 3 խոշոր գետերի ջրային զանգվածները՝ Որոտան, Արփա, Դարբ, այսօր որպես հանք չի գործում նվիրական պայքարի արդյունքում: Մեր բոլորի կողմից մղված, բարի, մաքուր ու խաղաղ պայքարի արդյունքում այսօր այդ հանքը ոչ թե 5, այլ 0 տարեկան է:    Այսօր մի քանի թեզերի կանդրադառնանք, որոնք այս օրերին շատ են քննարկվում.   «Վե՛րջ, հանքը կբացվի»: Ուզում ենք հիշեցնել բոլորին, որ հանքը ավելի մոտ է եղել բացվելուն 2017-2018 թթ., և կառավարությունը չի եղել այն կասեցնողը, սա կեղծ և թյուր կարծիք է: Հանքը չի գործել, որովհետև տարիներ շարունակ մարդիկ կամավորաբար փակել են լեռ տանող ճանապարհները, իսկ նորընտիր կառավարությունը շարունակ հորդորում էր, որ ճանապարհները բացվեին:   Ոչինչ չի խանգարում մեզ վարվել նույն կերպ, եթե բանը հասնի դրան:   «Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, մարդիկ չեն ուզում պայքարել, կոտրվել են կամ ավելի լուրջ խնդիրներ կան երկրում»: Այո՛, երկրում կա ավելի լուրջ խնդիր, դա Արցախի խնդիրն է, որը շատ ավելի զգայուն է դարձնում Ամուլսարի հարցը: Կարելի է առնվազն 4 լուրջ փոխկապակցվածություն բարձրաձայնել ու համալրել այն պատճառները, թե ինչու չի կարելի այսուհետ սահմանապահ Ամուլսարի վրա հանք գործարկել: Սրա մասին առանձին հոդվածով հանդես կգանք: Եվ ուրեմն՝ այս պայքարը ոչ թե ավելի անտեսվում է, այլ նոր իմաստներ է ստանում, ինչը համոզված ենք պայքարը դարձնելու է ավելի զորեղ:   «Խնդիրը ո՛չ թե բնապահապանական դաշտում է, այլ կոնկրետ իշխող կառավարության մեջ է»:   Այս հարցին մեր կարծիքը առանձնապես չի փոխվել: Մենք բնավ չենք հերքում, որ իշխող ուժն է կրում այս քայլի ողջ պատասխանատվությունը, բայց ու՞ր կտանի քայլերի հաջորդականությունը, երբ այս պայքարը վերափոխվի իշխողների հրաժարականի պահանջի: Մենք համոզված ենք, որ պայքարը կարժեզրկվի և լեռը կհայտնվի ավելի անպաշտպան վիճակում, հատկապես, որ բացի իշխող ուժից, որը 54% քվե ունեցավ վերջին ընտրություններին, այլ նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը միասին հավաքել է 26%, հանքի շահագործմանը կողմ են: Այսինքն, քաղաքական դաշտում իշխելու հավակնություն ունեցող ոչ մի ուժ հանքի շահագործմանը դեմ չէ:   Մենք Ամուլսարը համարում ենք ազգային և համամարդկային լոկալ բնապահպանական հարց, որի պայքարը իր մեջ կարող է ներառել ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ կուսակցությունների, հասարակական և կոմերցիոն կազմակերպությունների, բայց երբեք չշեղվել ու չծառայեցնել այս պայքարը քաղաքական այլ նպատակներ ունեցողների։    «Բնապահպանները վաճառված են»։ Այս ցինիկ միտքը ոչ միայն անհեթեթ է, այլ նաև խոսում է այս միտքը շահարկողների անտարբերության ու անմտության մասին: Նախ պետք է նշել, որ պայքարի մեջ եղել են հազարավոր մարդիկ, որոնց մեջ կարող էին պատահել նաև սադրիչներ, բայց վերագրել մի քանի հոգու գոյությունը ամբողջ շարժման վրա, ուղղակի պղծություն է: Երկրորդ՝ այս միտքը շրջանառողներից հաշված մարդիկ են ուսումնասիրել տվյալ մտքի աղբյուրները և ցավոք սրտի հուսախաբ են եղել՝ չպատկերացնելով, որ այս շարքային մանիպուլիացիոն քայլը իրենց օգտագործելու և շարժումը իրենց ձեռքով վարկաբեկելու համար է:   «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է, որ լեռան պայքարը նոր փուլ է թևակոխում, որտեղ ամեն ինչ լինելու է ավելի բուռն ու հաշվարկված: Երբ հետպատերազմյան Հայաստանում կառավարողների խելամտությունը ակնհայտորեն չի բավարարում ճիշտ ճանապարհով երկիրը տանելու, մենք պետք է ավելի զգոն և պահանջատեր լինենք:
22:59 - 24 փետրվարի, 2023
ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց

ՀՀ Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց։ ««Լիդիան» ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում եւ էական տնտեսական աճ է ապահովելու։ Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան»-ի աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1%-ով մոտավորապես, եւ դա բավականին բարձր ցուցանիշ է, մենք հնարավորություն չունենք հրաժարվելու մնան հնարավորություններից»։   Այս մասին հուշագրի ստորագրման արարողությանը ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ընկերությունը արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլատվությունները աշխատանքը սկսելու համար, այսինքն՝ որեւէ օրենսդրական արգելք չկա այս պահին էլ։ Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը ստանալու է ընկերության բաժնետոմսերը, սակայն դրա դիմաց որեւէ բան չի վճարելու, փոխարենը ապահովելու է գործարքի ապահովագրումը որոշակի ռիսկերից նաեւ որպես բաժնետեր։ Նա նշեց, որ ազդակիր համայնքները ամեն տարի ստանալու են 7 մլրդ դրամի աջակցություն ընկերության կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։  Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։  
17:34 - 22 փետրվարի, 2023
Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը
 |armenpress.am|

Ամուլսարի հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը |armenpress.am|

armenpress.am: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։   Տեղեկությունը հաստատեցին Էկոնոմիկայի նախարարությունից։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվելու։ Ճշտող հարցին՝ արդյոք Կառավարությունը 250 միլիոն դոլարով գնելո՞ւ է այդ բաժնետոմսերը, Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանեցին․ «Ոչ, Կառավարությունը ոչ մի բան չի ծախսում»,- ասացին Էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։      
15:08 - 22 փետրվարի, 2023
Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատարն այցելել է Ամուլսար

Հայաստանում Կանադայի՝ առևտրի գծով ավագ հանձնակատար Հեթեր Բայստրիկին ապրիլի 27-ին այցելել է Ամուլսար, հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ «Հանդիպման ընթացքում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ կարճ պրեզենտացիայով հանդես եկավ Լիդիանի գլխավոր մենեջեր Ռոդնի Ստուպարիկը, որից հետո քննարկվեցին ընկերության ապագա պլանները: Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տիկին Բայստրիկին այցի համար: Որպես ամերիկա-կանադական ընկերություն` Լիդիան Արմենիան բարձր է գնահատում Կանադական դեսպանության ցուցաբերած հետաքրքրությունը ընկերության գործունեության հանդեպ»,- ասված է ընկերության հայտարարությունում։ Օրերս Ամուլսար էր այցելել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Ապրիլի 20-ին Լին Թրեյսին ծանոթացել էր «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։
17:03 - 28 ապրիլի, 2022
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի  գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանաքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, պետական և ոչ պետական մարմիններից առգրավվել, ստացվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր, կայացված որոշումների հիման վրա կատարվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Էլարդ» և «Թի Ար Սի» ընկերությունների  փորձագետներին: 2019թ. հուլիսի 22-ին ստացվել է վերը նշված փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի /ներկայիս՝ «Լիդիան Արմենիա»/ կողմից ՀՀ լիազոր մարմնին ներկայացված, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նպատակով ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, թերհաշվարկներ, անճշտություններ և տվյալների բացեր: Հիշյալ հետևությունների վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է իր գրավոր առարկությունները: Առկա հակասությունների կապակցությամբ ուսումնասիրվել են տվյալ ժամանակահատվածում գործող նորմատիվ իրավական բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /ընդունված՝ 21.06.2014թ./ և վերջինիս դրույթներով  համապատասխան գնահատման մեթոդիկայի սահմանման ու հաստատման գործընթացի իրավական կարգավորումները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բնապահպանական նույն երևույթների և դրանց հետ կապված տվյալների վերաբերյալ իրարամերժ փաստարկները պայմանավորված են դրանք հաշվարկելու և գնահատելու ընթացքում տարբեր մեթոդաբանություններ կիրառելու՝ գիտական խորը վեճերով, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ հաստատված կոնկրետ չափորոշիչների և մեթոդաբանության բացակայությամբ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի կարգավորման իրավական ընթացակարգում առկա թերությունները վերացնելու նպատակով սույն քրեական գործի շրջանակներում համապատասխան փաստաթղթեր են ուղարկվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու  և գործով վարույթը կարճելու մասին: Որոշման պատճենն ուղարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ենթակա ոլորտներին վերաբերելի, քննության ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները կարգավորելու նպատակով:
15:20 - 21 դեկտեմբերի, 2021
Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

Պետբյուջեի նախագծում Ամուլսարի հանքի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում տարվա ընթացքում Ամուլսարի հնարավոր գործարկումը ներկայացվել է որպես դրական ռիսկ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բյուջեում  կանխատեսում կա՞ Ամուլսարի հետ կապված, հետարքրքվեց, թե կառավարությունն ի՞նչ մոտեցում ունի հանքի հետ կապված, այն կգործարկվի՞, թե՞ ոչ: ««Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»,-ասաց նախարարը: Իսկ գործարկման հետ կապված պաշտոնական դիրքորոշման մասով նա հորդորեց դիմել կառավարության իր համապատասխան գործընկերներին:
11:53 - 08 դեկտեմբերի, 2021
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ չկան․ ՔԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում կլինի։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ այս գործով քննություն են իրականցրել և մոտեցել են ավարտական փուլին։ Հարցին՝ գործով մեղադրյալներ կա՞ն, Այվազյանը բացասական պատասխան տվեց։ Հարցին ի պատասխան՝ հանգուցալուծումը գործը կարճելու տեսքո՞վ է լինելու, ՔԿ նախագահի տեղակալն ասաց, որ կանխատեսում չի անի։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
14:05 - 03 նոյեմբերի, 2021