Պետբյուջեից 7 մլն  550 հազար դրամ է ծախսվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի համար
 |factor.am|
17:46 - 18 մարտի, 2025

Պետբյուջեից 7 մլն 550 հազար դրամ է ծախսվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի համար |factor.am|

factor.am: Հայաստան-Թուրքիա կարգավորման նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար ծախսվել է 7 550 280 դրամ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մանրամասնելով, որ գումարը ծախսվել է տեղափոխման, կեցության և սննդի վրա։

ՊՈԱԿ-ից միևնույն ժամանակ հայտնել են, որ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ից նաև փոխանցել են, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները գիշերել են «Արմենիա Մարիոթ հյուրանոցում»։

««Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներն արտաքին լսարանին ներկայացնելու գործառույթի շրջանակներում պարբերաբար իրականացնում է Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների այցեր և մեդիատուրեր դեպի Հայաստան, ինչպես, օրինակ, արդեն իսկ իրականացվել են այցեր Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից և Թուրքիայից»,- ընդգծել են ՊՈԱԿ-ից։

Ավելի վաղ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ  Ծառուկյանը Factor.am-ին ասել էր, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի»  նախաձեռնությամբ և պետբյուջեի հաշվին թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Հայաստան եռօրյա մեդիատուր էր կազմակերպվել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել