Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտվել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների՝ այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դրանք տևել են ավելի քան 12 ժամ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, իսկ Ամերիկյան կողմը ներկայացնում էին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը և Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես հնարավոր չի եղել անել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունն ու Կրեմլը պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր՝ մարտի 25-ին։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումից հետո պաշտոնական փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ։
Ընդմիջմանը Կարասինն ասել էր, որ «արդիական հարցերի շուրջ հետաքրքիր քննարկում» է ծավալվել, կողմերին հաջողվում է հասկանալ միմյանց տեսակետերը։
Ռուս-ամերիկյան հանդիպմանը երեկ Էր-Ռիյադում նախորդել էին ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները: Այս բանակցություններին քննարկվել էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ժամանակավոր հրադադարի հարցը և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հնարավոր ուղիները:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպումից հետո գրել էր, որ այն արդյունավետ է անցել, անդրադարձել են հիմնական կետերին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների հարցին:
comment.count (0)