azatutyun.am: ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) պարտավորվել է «Ազատությանը» փոխանցել մարտի 1-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածի համար Կոնգրեսի տրամադրած դրամաշնորհը՝ 7,46 միլիոն դոլարը։ USAGM-ն նման որոշում է կայացրել մարտի 24-ին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գործով նիստից առաջ։
«Գործակալությունը անհապաղ քայլեր է ձեռնարկել՝ գումարը հատկացնելու համար», - ասվում է USAGM-ի նամակում։
Գործակալությունը նշում է, որ «Ազատությունն» այդ միջոցները կստանա մինչև այս ամսվա վերջ:
Ավելի ուշ կայացած դատական լսումների ժամանակ USAGM-ի շահերը ներկայացնող Արդարադատության դեպարտամենտի փաստաբան Էբիգեյլ Ստաուտն ընդգծել է, որ գործակալության և «Ազատության» միջը կնքված դրամաշնորհային համաձայնագիրը, իրավունք է տալիս գործակալությանը դադարեցնել պայմանագիրը, եթե «Ազատությունը» չկատարի դրանում նշված կետերը»:
«Ազատություն» ռադիոկայանի իրավաբաններից Դեյվիդ Զիոնցն էլ հակադարձել է՝ նշելով, որ «անիմաստ կլիներ», եթե Կոնգրեսը հաստատեր ֆինանսավորումն այնպես, որ միայն գործակալությունները կարողնային այն տնօրինել՝ ինչպես ցանկանան:
«Ազատություն» ռադիոկայանը շարունակում է քայլեր ձեռնարկել 2025-ի սեպտեմբերի 30-ին ավարտվող ամբողջ բյուջետային տարվա համար նախատեսված դրամաշնորհային միջոցները վերականգնելու ուղղությամբ։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով:
Մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ Գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է: Նամակը ստորագրել է Քերի Լեյքը, ով իր պաշտոնը նշում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական՝ օժտված տնօրենի պաշտոնակատարի կողմից պատվիրակված լիազորություններով:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը «հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար»:
«Ազատություն»-ը ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության դեմ հայց է ներկայացրել դատարան։Լսումները մեկնարկել են երեկ։ Լրատվամիջոցը պահանջել է դատարանից կանխել Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու USAGM-ի փորձերը՝ հիմնավորման մեջ նշելով, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:
Դատարանի որոշումն ակնկալվում է մոտակա շաբաթների ընթացում։
comment.count (0)