Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը
10:16 - 15 ապրիլի, 2025

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված համագործակցության մակարդակը և ընդգծել համատեղ իրականացված մի շարք միջոցառումների կարևորությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ 2023 թվականի հուլիսի 1-2-ին և 2024 թվականի ապրիլի 26-27-ին Երևանում անցկացվել են «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով բարձրաստիճան խորհրդաժողովներ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ վերոնշյալ խորհրդաժողովները կարևոր հարթակ են օտարերկրյա գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և մասնագիտական կապեր հաստատելու տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը կառուցողական և արդյունավետ է որակել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ Գլխավոր դատախազությունը Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերներից մեկն է:

Լիլիթ Դանեղյանը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը 2025 թվականի հուլիսի 1-2-ին Հայաստանում միջազգային բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել