Մեկնարկեց ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:
Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդվեց խորհրդարանում։ ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը պատգամավորի մանդատ ստացավ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն:
Օրակարգում 21 հարց է, այդ թվում՝ Երևանի տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ԱԺ մուտքի մոտ են, հարցեր են ուղղում ներս մտնող պատգամավորներին, թե արդյոք կարծո՞ւմ են, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ է»: Պատգամավորները չեն պատասխանում նրանց հարցերին:
Ըստ նախագծի՝ առանց վճարման կրիչը վավերացում կատարելու տրանսպորտից օգտվելու համար տուգանքը կլինի 10 000 դրամ, վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի՝ նշված ծառայություններից օգտվելու համար՝ 15 000 դրամ, որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելու համար՝ 30 000 դրամ:
Նիստի սկզբում քննարկվեց համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու նախագիծը օրակարգում ներառելու հարցը: Այն ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը. ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ դեմ են քվեարկելու նախագիծը օրակարգում ներառելուն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ»: Այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով. «Ընդդիմության նպատակը մեկն է. այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից, որոնք հնարավոր է լինում ստանալ այս նախաձեռնությամբ»:
Արծվիկ Մինասյանը վարման կարգով արձագանքեց՝ նշելով, որ ընդդիմության նպատակը «ազգակործան իշխանությանը հեռացնելն է» և քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց խմբակցության անունից:
comment.count (0)