Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|
11:19 - 29 ապրիլի, 2025

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար |civilnet.am|

civilnet.am: Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», – ասել է Ասիֆը։

Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։

Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե սահմանափակ։

Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվեց, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում զինված անձինք սպանեցին 26 մարդու: Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղակայված ջիհադիստական խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը:

Հնդկաստանի իշխանությունները հստակեցրել են, որ Պակիստանին առնվազն մասամբ պատասխանատու են համարում հարձակման համար: Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանը և հրամայել է պակիստանցիներին լքել իր տարածքը: Ե՛վ Պակիստանը, և՛ Հնդկաստանը ունեն միջուկային զենք: Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանը դրանք կօգտագործի միայն այն դեպքում, եթե «իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք» լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել