Արտերկրից Երևան ժամանող 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել
22:05 - 02 մայիսի, 2025

Արտերկրից Երևան ժամանող 52-ամյա տղամարդու ուղեբեռում 200 մլն դրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող 52-ամյա մի տղամարդու ուղեբեռում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ կան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարող քրեական ոստիկաններն, օպերատիվ տվյալները վերջնականապես իրացնելիս, համագործակցեցին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետ։

Արդյունքում՝ Աթենք-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսային զննման ենթարկվեց 52-ամյա տղամարդու ուղեբեռը։ Հայտնաբերվեցին ընդհանուր 4000-ից ավելի «էքստզի» տեսակի թմրամիջոցի հաբեր, 970 գրամ կոկաին, 885 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, 5 գրամ նույն հաբի վնասված կտորներ, ինչպես նաև տարբեր գրառումներով 15 դեղապատիճ։

Հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցում է առնվազն 200 միլիոն դրամը։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել