armenpress.am: Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների:
ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9–ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները:
«Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ–ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու: Ինձ համար այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը շատ կարևորեց անցկացվելիք միջոցառումը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում: Բայց նա նշեց, որ այդ հանդիպումներում նաև քննարկվում են այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ այցի շրջանակում կան նախատեսված երկկողմ կամ այլ հանդիպումներ՝ Փաշինյանը պատասխանեց, որ դա ֆորմալ գագաթնաժողով չէ, շփումներ կլինեն: «Բայց, թե որքանով այդ շփումները կֆորմալացվեն, վստահ չեմ, որովհետև շատ խիտ գրաֆիկ է: Եվ այդ խիտ գրաֆիկի պայմաններում ենք աշխատելու: Բայց, որ շփումներ կլինեն, կարծում եմ՝ ակնհայտ է»,–ասաց վարչապետը:
comment.count (0)