azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան կարծիքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի, այդ մասին նա նշեց՝ «Ազատության» հարցին ի պատասխան:
Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը թաղապետին արձակելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան «Հանրապետության» կուսակցության հետ Երևանի ավագանիում չփլուզվի, ԱԺ նախագահն արձագանքեց այսպես. «Պարոն {Արամ-խմբ.} Սարգսյանն արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, կոալիցան չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ: Պաշտոնը վայր դնելն ու կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են: Դա որևիցե կերպ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է»:
Սիմոնյանն ընդգծեց նաև, որ «քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք»:
«Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, դա միայն եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ», - հավելեց նա:
Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում միջադեպին, երբ վարչապետը ընդդիմադիրներին «համբալ» էր անվանել, «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ էր այդպես դիմում և չպե՞տք է ներողություն խնդրի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք է»:
Իրավիճակն Ազգային ժողովում երեկ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա:
Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
comment.count (0)