news.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ գերատեսչության նախագահ Արթուր Նահապետյանին հիշեցրեց 2000-ական թվականներին մի հայտնի պաշտոնյային՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ, Ազգային անվտանգության 4-րդ վարչության նախկին պետ Արմեն Ավետիսյանին առնչվող ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մասին, որը նաև «Գոլդեն փելեսի» սեփականատերն էր:
«Այդ պաշտոնյան 100-ավոր գործարարների շորթումով, կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով հարստահարեց, և ՀՀ-ն լքեցին 1000-ավոր ընտանիքներ: Հիմա մենք պետք է բավարարվենք, որ մի շենք ուներ, շենքը հանձնեց և վե՞րջ (նկատի ունի Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը - խմբ.): Չէ՞ որ, մենք պետք է քննենք նրա կոռուպցիոն հանցագործությունների հետևանքները, որով հարյուրմիլիոնավոր դոլարի վնաս է հասցվել մեր պետությանը: Արդյոք այս գործը քննվո՞ւմ է: Եթե չի քննվում, ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին:
Եթե քննեք նրա գործերը, 100-ավոր մարդիկ հետ կվերադառնան՝ ցուցմունք տալու, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաներով Մաքսային կոմիտեում, նաև 4-րդ վարչությունում ինչպիսի դժբախտություններ է բերել մարդկանց, և 1000-ավոր ընտանիքներ լքել են ՀՀ-ն:
Խնդրում եմ ասեք՝ կա՞ հարուցված գործ տվյալ անձի նկատմամբ, և եթե չկա, ընդունենք հաղորդում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ երկրորդ անգամ է հաղորդում ներկայացնում այս թեմայով, բայց չի տեսնում հետևանքները:
Ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասաց, որ հաղորդում ներկայացնելու համար Քրեական դատավարության օրենսգրքում կա համապատասխան ընթացակարգ, և որ այդ հաղորդումը պետք է ձևակերպել նշված ընթացակարգով ու ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի այն դիտվի պատշաճ հաղորդում հանցագործության մասին, իսկ համապատասխան հիմքեր լինելու դեպքում կնախաձեռնվի վարույթ և կիրականացվի նախաքննություն:
Ինչ վերաբերում է պաշտոնյային առնչվող գործին, Նահապետյանը տեղեկացրեց, որ այն քննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում; «Գործի ընթացքի մասին այս պահին տեղեկություն չունեմ»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ այս գործը դասական իմաստով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում է, և խնդրեց գրանցել վերոնշյալ անուն-ազգանունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գործի շատ դրվագներ դեռևս բացահայտված չեն, և եթե հնչեղություն տրվի, 100-ավոր բիզնեսմեններ հետ կգան ՀՀ և ցուցմունք կտան գործով:
«Ես հավատացած եմ, որ այս գործով տասնյակ հազարավոր գործեր կհարուցվեն»,- ասաց Բագրատյանը:
comment.count (0)