hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին 16 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի խաղերի մասնակցությանը։
Այն կայանալու է հուլիսի 3-14-ը՝ Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Խաղերին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն մինչև հունիսի 2-ը, հակառակ դեպքում Հայաստանի պատվիրակությունը կզրկվի մասնակցության իրավունքից, իսկ հայտերը ներկայացնելու և չմեկնելու դեպքում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կենթարկվի ֆինանսական տուգանքի:
Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում է լավագույն ուսանող մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով, իսկ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ է զբաղեցնում լավագույն 30 երկրների շարքում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղակացրեց, որ ունիվերսիադային կմեկնեն 19 ուսանողներ, որոնք կմասնակցեն մի շարք սպորտաձևերի մրցույթների։
Ուսանողներն ունիվերսիադայի ընթացքում մասնակցում են համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաստանում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:
«Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին»,-կառավարությանը հայտնել է կրթության և գիտության նախարարությունը։
comment.count (0)