Սինգապուրում մայիսի 16-ին կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։
Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։
Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորել է պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձել է սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։
comment.count (0)