azatutyun.am: «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» թեմայով համաժողովի մասնակիցներին դիմելով՝ նա շեշտել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում չի նշանակում»։
«Հայաստանը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու փորձերից։ Այս հարցը չի հեռացվի Ադրբեջանի օրակարգից այնքան ժամանակ, քանի դեռ վերադարձը չի իրականացվել։ Բնականաբար, Արևմտյան Ադրբեջան վերադարձող ադրբեջանցիների համար պետք է ապահովվեն նաև անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը:
Արտգործնախարար Միրզոյանը Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտին խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, նաև ասել էր. «Ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում»:
comment.count (0)