Պետական բյուջեից կփոխհատուցվի լուծարված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) շահութահարկը՝ ավելի քան 84 մլն դրամ (84,473,633 ՀՀ դրամ)։
Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց մայիսի 22-ի նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում:
Ըստ հիմնավորման՝ ընկերությանը 2024-ի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1.7 միլիարդ դրամի դրամաշնորհը չի ներառել 2024թ. շահութահարկի գումարը, քանի որ դրա վճարման ժամկետը 2025թ. ապրիլի 20-ն է, և նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024թ. տարեվերջ, սակայն լուծարման հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, և չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված աշխատանքները:
Հետևաբար, հիմնավորման համաձայն, ընկերությունը չունի նախատեսված միջոցներ շահութահարկ վճարելու համար։
Հիշեցնենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) լուծարման գործընթացը մեկնարկելու որոշումն ընդունվել է մեկ տարի առաջ՝ 2024թ. մայիսի 23-ին:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեում քննվում են ԱՆԻՖ-ի մի շարք աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, նաև «Հայկական ավիաուղիներ», «Սերմից ֆերմա», «Տավրոս ԿՎՄ» «Մասդար», «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Գլոբալ քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ կատարելու դրվագները:
comment.count (0)