Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|
11:03 - 26 մայիսի, 2025

Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ․ Միրզոյան |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի իր ելույթում անդրադարձել է գլոբալ անկայունությանը, կլիմայական փոփոխություններին, աշխարհաքաղաքական զարգացումներին և տարածաշրջանային խաղաղության հեռանկարին՝ շեշտելով համաշխարհային համագործակցության և քաղաքական համարձակ որոշումների անհրաժեշտությունը։

Նախարարի խոսքով՝ աշխարհը կանգնած է խորացող ճգնաժամի առաջ, որն ունի լրջագույն հետևանքներ՝ թե՛ տնտեսության, թե՛ միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքի վրա։

«Կլիման այլևս չի հետևում մեզ ծանոթ օրինաչափություններին, իսկ մարդկությունը բախվում է անորոշությանը, ինչը խուճապի և անկայունության զգացողություն է առաջացնում»,- ասել է նա։

Միրզոյանը նշել է, որ մարդն առաջին անգամ չէ, որ հաղթահարում է անորոշությունը։ Հիշեցնելով COVID-19 համավարակը, գիտության պատմական մարտահրավերները և աշխարհագրական հայտնագործությունները, նախարարը շեշտել է, որ «մարդկությունը միշտ էլ դիմագրավել է անորոշություններին՝ վերածելով դրանք զարգացման հնարավորություն»։

Խոսելով Հայաստանի մոտեցումների մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկիրը նպատակ ունի խթանել համագործակցությունը, կապերի ընդլայնումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը՝ ուշադրության կենտրոնում պահելով մարդկային կապիտալի զարգացումը։

Նախարարն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հաղթահարելու առճակատումները և խթանելու համագործակցությունը։

«Մեր տարածաշրջանում մենք վճռորոշ ընտրություն ենք կատարում՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի դժգոհություններով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով, որը խարսխված է իրական հնարավորությունների վրա:

Պատմությունը չի ավարտվել, այն չի կարող մոռացվել: Այն չի կարող վերաշարադրվել, այդ թվում՝ կեղծ պատմությունների միջոցով, որոնք ոմանք կարող են փորձել խթանել:

Մինչ սպիները մնում են, և բուժումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։ Այնուամենայնիվ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտ նվաճում չէ։ Այն շարունակական գործընթաց է, որը մղվում է քաջարի դիվանագիտության, փոխըմբռնման և վստահության կառուցման միջոցով։

Հայաստանի տեսլականը հստակ է՝ հարաբերությունների կարգավորում մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգանքով, որևէ կողմի կողմից տարածքային պահանջների միանշանակ մերժում և մյուսների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացում»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել