armenpress.am: Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների հագեցած երկկողմ օրակարգը և հարաբերությունների՝ համատեղ ձևավորված խճանկարը, ինչն այդ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իհարկե, առաջին հերթին քննարկել ենք Հայաստան-Ֆրանսիա հագեցած երկկողմ օրակարգը և համատեղ ձևավորած խճանկարը մեր հարաբերությունների, ինչը դրանք որպես ռազմավարական գնահատելու հիմք է տալիս։ Միաժամանակ գետնի վրա մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպիսին է, օրինակ, Վեդիի վերակառուցված ջրամբարը, որը միակ ծրագիրը չէ, որով Ֆրանսիան նպաստում է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը ու նաև տնտեսական զարգացմանը։ Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք մի քանի տարի առաջ նույնիսկ չէին էլ կարող քննարկվել։ Այստեղ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Նրանց միջև ձևավորված գործընկերության շնորհիվ է նաև, որ մենք կարող ենք այսպիսի մեծ, հսկայական քայլերով առաջ մղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը, որն ունի իր հիմքերը, որոնք խարսխվում են նաև պատմական համակրանքի և ժողովուրդների միջև բարեկամության ու սիրո վրա»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ հանդիպման ընթացքում ուշադրություն են դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ֆրանսիական կողմի հետաքրքրությունն այդ գործում աճում է և առաջիկայում շատ շոշափելի և կոնկրետ նորություններ կունենանք։ Ապակենտրոնացված համագործակցության զարգացումն իր հերթին միտված է նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների զարգացմանն ու դրանց դիմակայունության ավելացմանը։ Այդ համատեքստում կարևորել ենք ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի անցկացումը։ Այստեղ էլ առաջիկայում շատ լավ և կոնկրետ նորություններ կունենանք»,- մանրամասնել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարբեր ձևաչափերով տարբեր հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորություններին։
«Իհարկե, այս համատեքստում առաջնային նշանակություն ունի Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործընկերության խորացման ուղղությամբ մեր համագործակցությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնել ֆրանսիական կողմին ողջ գործընթացում Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ցանկությունների խրախուսման համար։ Որպես օրինակ կարելի է բերել վիզաների ազատականացումը, որի շուրջ Հայաստանում մեծ ակնկալիքներ կան։ Իհարկե, ԵՄ-ի հետ երկխոսությունն ընթանում է մեր ֆրանսիացի գործընկերների շատ գործուն աջակցությամբ և խրախուսմամբ։
Կառանձնացնեի նաև եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Օրեր առաջ գագաթաժողով կայացավ Տիրանայում և հայտարարվեց, որ 2026 թվականին այդ հավաքը լինելու է Երևանում։ Մենք, բնականաբար, շահագրգռված ենք այս հարթակով և առաջին իսկ օրվանից մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել։ Մեզ համար շատ արդյունավետ է այդ հարթակը։ Ֆրանսիայի և մյուս գործընկերների աջակցությամբ հաջորդ գարնանային ֆորումը կանցկացնենք Հայաստանում»,- հավելել է Արարատ Միրզոյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը Ֆրանսիայի հետ։ Նրա խոսքով՝ Հայաստանն այստեղ ևս իր անելիքներն ունի։ «Մի քանի տարի առաջ մեզ մոտ ունեցանք գագաթաժողով, և այժմ Ֆրանկոֆոնիայի մարզական խաղերը երիտասարդների ներգրավմամբ նույնպես կանցկացվեն Հայաստանում»,- ասել է նա։
comment.count (0)