factor.am: Բերձորում մեկնարկել է Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն իր ելույթում հայտարարել է, թե «Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը միշտ էլ եղել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արդարության կողմում»։
«Մենք կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում այն քաղաքական և բարոյական աջակցության համար, որը Թուրքիան և Պակիստանը ցուցաբերել են մեր երկրին 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր։ Ադրբեջանն իր հերթին միշտ եղել է Թուրքիայի և Պակիստանի կողքին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովուրդների միասնությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշել է, թե «Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության արդյունքում փոխվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության էներգետիկ քարտեզը։
«Մեր երկրները կարևոր դեր են խաղացել էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այսօր մեկնարկել են վերականգնվող էներգիայի արտադրության և արտահանման խոշորածավալ նախագծեր։ Բացի այդ, Ասիան ու Եվրոպան Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով կապող տրանսպորտային ուղիները ռազմավարական նշանակություն ունեն։ Մենք վստահ ենք, որ Պակիստանի ակտիվ մասնակցությունը այս նախաձեռնությանը՝ բազմամոդալ բեռնափոխադրման երթուղու զարգացման միջոցով, կնպաստի մեր համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Ալիևը։
Նա խոսել է նաև երեք երկրների միջև ռազմական համագործակցությունից․
«Պաշտպանական համագործակցությունը մեր գործընկերության կարևոր ոլորտներից մեկն է։ Համատեղ զորավարժությունները և ռազմատեխնիկական նախագծերը ամրապնդել են մեր զինված ուժերի ներուժը։ Մեր ռազմական համագործակցությունը ամրապնդում է խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում»։
comment.count (0)