Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|
17:52 - 19 հունիսի, 2025

Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Իրանից դուրս է եկել Ռուսաստանի  շուրջ 550 քաղաքացի։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այդ մասին ասել  է հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ։ 

«Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ից Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 550 քաղաքացի՝ հետագայում Բաքվից և Երևանից մեկնելու նպատակով»,-ասել է Զախարովան։  

Նա նշել է, որ այդ հարցում օգնություն են ցուցաբերում ՌԴ ԱԳՆ-ն և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Իրանում և մի շարք այլ երկրներում։ Դրանք օգնում են ինչպես պատվիրակությունների և ժամանակավոր գործուղված ռուսաստանյան գերատեսչությունների, կազմակերպությունների և տնտեսական օպերատորների աշխատակիցների, այնպես էլ դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների ընտանիքների դուրս գալուն։  

Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությամբ պայմանավորված՝ իրենց քաղաքացիներին Իրանից տարհանելու համար Հայաստանի տարածքն օգտագործել են նաև Չինաստանն ու Հնդկաստանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի։ Հայաստանում Չինաստանի դեսպանատնից հայտնել են, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել