Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
18:32 - 04 հունիսի, 2025

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 4-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Ֆինանսների նախարարի խոսքով ՆԳՆ-ը հաշվետու տարում իրականացրել է 3 ծրագիր,  23 միջոցառում:

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կատարած աշխատանքը, նշել է, որ 2024 թվականին ամբողջությամբ ավարտվել են գերատեսչության ձեւավորման աշխատանքները: Անձնակազմի նշանակումներն իրականացվել են օրենսդրական կանոնների պահպանմամբ:

Նախարարի գնահատմամբ՝ նախարարությունը հաշվետու տարում ունի բավականին բարձր կատարողական: Նա տեղեկացրել է նաեւ, որ ոստիկանության նկատմամբ վստահության ցուցանիշի լավարկում կա:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին 2023-ի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, զոհերի թիվը՝ 45-ով, վիրավորների թիվը՝ 421-ով:

2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թ. համեմատ ավելի է 202 կգ-ով: Նախախարի խոսքով Կառավարության նիստում օրակարգային հարց է լինելու թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման ու ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նոր նախագիծը:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության համակարգ աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 78 անձ, որից 15-ը եղել են քաղաքացիական ծառայողներ, իսկ 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Ըստ նրա՝ աշխատանքի ընդունման գործընթացն ակտիվորեն շարունակվում է, հայտերն անընդհատ ստացվում են: «Բնականաբար, ոստիկանության համակարգ մուտք գործելը միայն համապատասխան խողովակներով անցնելու պարագայում կարող է լինել: Մենք այս առումով բավականին լավ իրավիճակ ունենք: Մի շարք որակյալ կադրեր ունենք, որոնք դիմում են եւ համապատասխան ստուգողական փուլեր հաղթահարելու պարագայում անցնում են աշխատանքի ՆԳՆ համակարգում»,-ասել է նախարարը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Արամ Հովհաննիսյանի ազատման պատճառը: Նա նշել է, որ դա եղել է կադրային փոփոխության արդյունք, ինչը նախարարությունում բնականոն գործընթաց է: «Կադրային փոփոխությունները գալիս են ինչ-որ տեղ նաեւ օգնելու, որ մենք նոր հայացքով, նոր մոտեցմամբ նայենք այն հարցերին, որոնց տարիներ շարունակ կարող էինք մեկ այլ հայացքով նայել: Ոստիկանապետի փոփոխությունը հենց այս տրամաբանական մոտեցման շրջանակում է: Կարիք կար կադրային փոփոխության, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներին էլ ավելի թարմ աչքով նայելու, այդ բարեփոխումներն էլ ավելի արդյունավետ մեթոդներով իրականացնելու եւ գնալու առաջ: Բացառապես սա է եղել պարոն Հովհաննիսյանի ազատման պատճառը»,- ընդգծել է նախարարը, ապա ավելացրել, որ պետք չէ փնտրել ինտրիգներ ու միջանձնային տարբեր հարցեր:

Համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածներին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել