armenpress.am: Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի համոզմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։
Այս մասին Վալենտինա Մատվիենկոն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Գիտեք, կան տարածված արտահայտություններ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ես նման զգացողություն չունեմ։ Ընդհակառակը, ինչպես մենք, Հայաստանը նույնպես ցույց է տվել իր շահագրգռվածությունը մեր երկկողմ համագործակցության զարգացման ընդլայնման հարցում»,-նշել է Մատվիենկոն։
Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում որևէ խնդիր չկա։
«Վարչապետը (խմբ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) ողջույններ է փոխանցել մեր նախագահին (խմբ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) և հատկապես ընդգծել, որ, չնայած ցանկացած ակնարկի, ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ։ Եվ նա որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում»,-մանրամասնել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարբեր դժվար իրավիճակներում երկրների ղեկավարները միշտ գտնում են փոխըմբռնում և անհրաժեշտ լուծումներ։
comment.count (0)