Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի հետ, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, քանի որ վերջինս ՌԴ քաղաքացի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին, Պեսկովը նշել է, որ դա Երևանի ներքին գործն է։
«Մոսկվան շահագրգռված է, որ Երևանում պահպանվի օրենքի գերակայությունը, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ երկիր, որը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը։ [...] Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացում չի լինի»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», և այս դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։
Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
comment.count (0)