Արմեն Չարչյանը չի ազատազրկվի

 |factor.am|
11:30 - 10 հունիսի, 2025

Արմեն Չարչյանը չի ազատազրկվի |factor.am|

factor.am: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այս մասին տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Սա նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսորի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով՝ Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին պատգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց պայմանական ազատազրկում՝ կիրառելով փորձաշրջան։ Գլխավոր դատախազությունը Միսակյանի այս դատավճիռը բողոքարկել էր, պաշտպանական կողմը ևս համաձայն չէր, ուստի երկու կողմն էլ դիմել էին Վերաքննիչ դատարան, որտեղ էլ որոշում էր կայացվել Չարչյանի 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատել և դարձնել 1 տարի։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։

Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել