azatutyun.am: Գլխավոր դատախազը դիմել է Ազգային ժողովին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարցելու թույլտվություն ստանալու համար:
Գլխավոր դատախազը երկու առանձին ծավալուն միջնորդություններում պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը:
Երկրորդ միջնորդությունում նշվում է, որ Արծվիկ Մինասյանը լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:
Դատախազի դիմումում կալանքի միջնորդություն չկա: ԱԺ -ից փոխանցեցին՝ դատախազի միջնորդագրերը կքննարկվեն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է հունիսի 17-ին։
Սեյրան Օհանյանը հրաժարվեց մեկնաբանել Գլխավոր դատախազության միջնորդությունը, ասաց՝ իր կարծիքը կհայտնի բավարար տեղեկություն պարզելուց հետո, իսկ Արծվիկ Մինասյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:
comment.count (0)