Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանն ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Ներկայումս  «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է կալանքի տակ։

1983թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.՝  նույն բուհի ինտերնատուրան: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

1984-1988թթ. աշխատել է որպես Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապ օգնության կայանի բժիշկ, 1985 թվականից՝ համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքի օրդինատոր: 1988-1992թթ. եղել է Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,  1992-1993թթ.՝ ավագ գիտաշխատող, 1993-1999թթ.՝ գիտական գծով փոխտնօրեն եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ:

1991-2001թթ. եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, 1999-2014թթ.՝ Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար:

2001-2006թթ. եղել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ, 2006 թվականից Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է: 2009-2012թթ. եղել է ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ: 2014-2021թթ.՝  «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն:

1990-1994թթ. մարտական գործողությունների մասնակից է:

Մեղավոր ճանաչող դատական ակտը չի կարող արդար լինել․ Չարչյանի պաշտպան |panorama.am|

Մեղավոր ճանաչող դատական ակտը չի կարող արդար լինել․ Չարչյանի պաշտպան |panorama.am|

panorama.am: «Մեզ համար յուրաքանչյուր արդյունք, որը կհանգեցնի պարոն Չարչյանի քրեակատարողական հիմնարկում չգտնվելուն, ևս  մեկ անգամ չհայտնվելուն, մեզ համար, բնականաբար, լավ է,  բայց դատավճռի մասով ընդհանուր առմամբ ունենք  անհամաձայնություն»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե ասել են ու ասում են,  պարոն Չարչյանն անմեղ է, տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման  դատական ակտ։Փաստաբանն ասաց, որ դատական ակտը բողոքարկելու են, փորձելու են արդարադատությունն արդարացման  տեսանկյունից վերականգնել արդեն վերաքննության կարգով։ «Մենք ամենասկզբից ասել ենք՝ այս քրեական գործը ի սկզբանե չի ունեցել օրինական հենք։Ի սկզբանե քրեական գործի  հարուցման որոշումը եղել է  խնդրահարույց, ոչ իրավաչափ։ Էլ չեմ ասում գործում առկա փաստական տվյալները հանգում են նրան, որ  այստեղ հանցակազմի մասին խոսելը պարզապես  ավելորդ էր, քանի որ Արմեն Չարչյանի խոսքի վերջաբանն էր՝ ով, ինչ ընտրություն կանի, չի անի, կգնա ընտրության, չի գնա, որևէ բացասական հետևանք չի լինելու։ Պետք չէ կոնտեքստից կտրել մի արտահայատություն և դրա հիման վրա կառուցել մեղադրանք։  Պետք է նայել  ամբողջ արտահայատության բովանդակությունը, գաղափարն ու ամբողջ ծավալը, դրանից հետո նոր կատարել հետևություն՝ այս կամ այն արարքը գոյություն ունի, թե ոչ։ Տվյալ պարագայում կոնտեքստից կտրված է եղել արտահայտության մի հատվածը, սա եղել է  մեղադրանքի առարկան, ինչի հետ համաձայնվեց դատարանը։  Մեր անհամաձայնությունը կա ու լինելու է, քանի որ այս դատական ակտը, որով  մեղավոր ճանաչվեց Չարչյանը, պարզապես արդար չի կարող լինել»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Ա.Չարչյանին վերագրվող հանցանքի կատարման մեջ և դատապարտեց ազատազրկման չորս տարի ժամկետով։ Հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ՝ «Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:
12:44 - 05 փետրվարի, 2024
Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չկիրառվեց |pastinfo.am|

Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չկիրառվեց |pastinfo.am|

pastinfo.am: «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Չարչյանին՝ մեղսագրվող արարքում և դատապարտեց ազատազրկման՝ չորս տարի ժամկետով, հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Նշենք, որ մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Չարչյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, պաշտպանության կողմը՝ արդարացում։ Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։
11:54 - 05 փետրվարի, 2024
Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին
 |hetq.am|

Ըստ ԿԿՀ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կեղծ տվյալներ է ներկայացրել Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի՝ հունիսի 22-ի որոշումից, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Պատգամավոր լինելն ու վճարովի վիրահատություններն անհամատեղելի են Պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցվել է 2023թ․ մարտի 13-ին։ Հանձնաժողովի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2021թ․ օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո Չարչյանը շարունակել է վիրահատություններ կատարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և ստանալ վարձատրություն։ Հիշեցնենք, Արմեն Չարչյանը 2014-2021թթ․ եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրենը։ Հանձնաժողովը հարցում է կատարել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ Արմեն Չարչյանը 2022թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին «Իզմիրլյան» ԲԿ-ից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է աշխատանքային վարձատրություն։ ԿԿՀ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների մասին նյութեր, որոնցից մեկը հրապարակվել է 2023թ․ մարտի 2-ին՝ «Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը» վերնագրով, իսկ մյուս երկուսը՝ 2022թ․ հունիսի 8-ին և հոկտեմբերի 10-ին՝ նույնաբովանդակ վերնագրերով։ Բժշկական կենտրոնը հերքել է՝ Չարչյանը չի վարձատրվել Այս ամենի վերաբերյալ ԿԿՀ-ն գրություն է ուղարկել «Իզմիրլյան» ԲԿ՝ առաջարկելով ներկայացնել 2021թ․ օգոստոսի 2-ից մինչև 2023թ․ հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Արմեն Չարչյանի կատարած վիրահատությունների քանակի, ժամանակացույցի և բնույթի մասին տվյալներ։  Բժշկական կենտրոնից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն Բժշկական համալսարանի կլինիկական բազան է, իսկ Արմեն Չարչյանն այնտեղ իրականացրել է համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների և 1-3-րդ տարվա կլինիկական օրդինատորների թեորետիկ և կիրառական ուսուցում, որոնց շրջանակում նա մասնակցում է որոշ վիրահատությունների՝ որպես Համալսարանի վնասվածքաբանության օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և ցույց տալիս, թե ինչպես պետք է կատարել վիրահատության այս կամ այն փուլը։ Ըստ «Իզմիրլյան» ԲԿ-ի գրության՝ Արմեն Չարչյանը որևէ բուժական գործունեություն չի ծավալել, չի կատարել ամբողջական վիրահատություն և աշխատավարձ չի ստացել։  Ըստ բժշկական կենտրոնի՝ պացիենտների հիվանդությունների պատմագրերում Արմեն Չարչյանի մասնակցությունը ֆիքսված է հետևյալ կերպ՝ «Հիվանդը վիրահատվել է պրոֆեսոր Ա․Գ․ Չարչյանի գիտական մանկավարժական ղեկավարությամբ»։ Համացանցում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հայտնել է, թե դրանք եղել են գործընկեր կազմակերպության վրիպակները, և լիարժեք չտիրապետելով իրավիճակին՝ սխալ տեղեկություն են հրապարակել։ Նախկինում «Վիրահատությունը կատարել է պրոֆ․ Ա․Գ․ Չարչյանը» վերնագիրը փոխարինվել է «Վիրահատությունը կատարվել է պրոֆեսիոնալ մասնագիտական խմբի կողմից՝ պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ՓԲԸ-ի գիտական համակարգող Արմեն Չարչյանի գիտաուսումնական ղեկավարությամբ» վերնագրով։ Հանձնաժողովը նշում է, որ շտրիխով ջնջել են վիրահատող բժշկի անուն-ազգանունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով հիվանդությունների պատմագրերը, պարզել է, որ դրանցից 4-ում ուղղիչ գրիչով՝ շտրիխով, փակվել է վիրահատող բժշկի անուն-ազգանունը և ավելացվել է այլ անուն-ազգանուն, ինչից Հանձնաժողովը եզրակացրել է, թե վիրահատող բժշկի անուն-ազգանունը փոփոխված տարբերակով է ներկայացվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հանձնաժողովի մոտ ձևավորվել է ողջամիտ կասկած այն մասին, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ներկայացրած փոփոխված տվյալները նպատակ ունեն չեզոքացնել անհամատեղելիության պահանջների հնարավոր խախտումները։  Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ կատարված արարքը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, և ըստ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ երբ հանձնաժողովը այդպիսի եզրակացության է հանգում, վարչական վարույթը կասեցնում է, իսկ վարույթի նյութերն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ դրանց իրավական գնահատական տալու նպատակով, ինչը և այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ արել է։
16:34 - 04 հուլիսի, 2023
Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է

Արթուր Սարգսյանի գործով փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի (Պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016 թ. դեկտեմբերի 23-ին, ստացվել է հրատապ իրազեկում այն մասին, որ կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2016 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: Հաշվի առնելով, որ կոնսիլիումի եզրակացությամբ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու մասին: 2017 թ. հունվարի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը տառապում է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով, չի կարող պատիժը կրել ՔԿ հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում: Նախաքննության ընթացքում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով 2017 թ. հունվարի 31-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:Կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարման համար ձևավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը: Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներы, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով նրա մոտ կենդանության օրոք հաստատված՝ հենաշարժական ապարատի ֆունկցիայի խանգարումով ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարումը, առանց վերջինիս օբյեկտիվ զննության ենթարկելու, հապշտապ՝ 2017 թ. փետրվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 12:20-ից մինչև 14:00-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած լիակազմ նիստի արդյունքում եկել են հետևության:Գիտակցելով, որ ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի (Զրպարտությունը) համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում մեղադրյալի առողջական վիճակը՝ նրանք տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները, այդ թվում՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը («Բեխտերևի» հիվանդությունը) ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: 2017 թ. փետրվարի 9-ին, ընտրված խափանման միջոցի պայմանը խախտելու հիմքով Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, և վերստին արգելանքի վերցվելու կապակցությամբ հայտարարել է հացադուլ: 2017 թ. մարտի 15-ին շտապ օգնության բրիգադի կողմից Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս հոսպիտալացվել է և ենթարկվել է վիրահատական բուժման: Հաջորդ օրը՝ ժամը 12:30-ից սկսած, վերակենդանացման բաժանմունքում Արթուր Սարգսյանի վիճակը վատացել է, սակայն կատարված ինտենսիվ թերապիայի միջոցառումները եղել են անարդյունավետ և ժամը 15:40-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: 2018 թ. հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննություների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ պատիժը կրելուն խոչնդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 2-րդ կետին: Նրանցից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է:Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է։Քրեական վարույթի նյութերը, 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։  
13:22 - 06 մարտի, 2023
Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշել է, որ պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։ Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը: Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական:
13:53 - 16 փետրվարի, 2023
Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։
15:41 - 13 փետրվարի, 2023
Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։   Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդագրին համաձայնություն տալու քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել է 68-ը, որոնցից 67-ը կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում փետրվարի 8-ին ներկայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ըստ որի՝ Չարչյանը ցուցմունք է տվել, որ Արթուր Սարգսյանի (Հաց բերող՝ խմբ․) վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և չի դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, ու որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության։ Նշենք, որ Աննա Վարդապետյանը նաև երեք միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, ինչին ԱԺ-ն կողմ քվեարկեց։ 
11:32 - 09 փետրվարի, 2023
Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազը Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէ քննարկմանը։  Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 69100817 քրեական գործը: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել փորձագետների կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ: Նշված դեպքով 2019 թվականի հունվարի 21-ին 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61200319 քրեական գործը: 2019 թվականի հունվարի 23-ին թիվ 61200319 քրեական գործը միացվել է թիվ 69100817 քրեական գործին: 2023 թվականի հունվարի 20-ին թիվ 69100817 քրեական վարույթով հսկող դատախազը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային ժողով: Առաջարկության ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում թիվ 69100817 քրեական վարույթի ուսումնասիրությունը, որի արդյունքում պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքների առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Արմեն Գերասիմի Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես գործադիր  տնօրեն, ԵՊԲՀ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ  և ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին (Հաց բերող՝ խմբ․) առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: Մասնավորապես. Հանձնաժողովային փորձաքննության կատարման պահին գործող՝ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված են. «Ոսկրամկանային համակարգի հիվանդություններ` ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների և համակարգերի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով, մի շարք հիվանդությունների դեպքում, որոնց թվին է դասվում անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը): Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը) և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելուն ու պահելուն օժանդակելը): 2016 թվականի օգոստոսի 3-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և վերջինս նույն օրը տեղափոխվել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Արթուր Սարգսյանի անվամբ լրացված բժշկական քարտի տվյալների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գևորգ Հարությունյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է՝ «Ողնաշարի պարանոցային հատվածի տրավմա: Վիճակ վիրահատությունից հետո, ցավային արմատիկային համախտանիշ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք», որի համար նշանակվել է սիմպտոմատիկ բուժում: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանը «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով, շարժողական ֆունկցիայի խանգարում, էրոզիվ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, որովայնի սպիտակ գծի ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապևտիկ բաժանմունք, որտեղ դրվել է նախնական ախտորոշում՝ «Բեխտերևի հիվանդություն, արմատիկային ցավային համախտանիշով և շարժողական ֆունկցիայի խանգարումով: Խրոնիկ հեպատիտ (ճարպային դիստրոֆիա): Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ: Որովայնի սպիտակ գծի ճողվածք, C1 և C2 ողերի պրոթեզավորում»: Թիվ 58212116 քրեական գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ստացվել է «Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված հրատապ իրազեկումն այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականութ­յունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ: 2017թ. հունվարի 23-ին ստացվել է թիվ 273/հձ եզրակացությունը, որի համաձայն՝ «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության ընթացքում կատարված հետազոտության արդյունքների՝ Արթուր Սարգսյանը տառապում է  հետևյալ հիվանդություններով՝ «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Էրոզիվային գաստրիտ, բուլբիտ: Մելորի-Վեյսի սինդրոմ: Խրոնիկ հեպատոխոլեցիստիս, խրոնիկ բրոնխիտ»: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված ««Բեխտերևի» հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությունը Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխանող հիվանդություն է: Արթուր Սարգսյանը վերը նշված «Բեխտերևի» հիվանդության առկայության պայմաններում չի կարող պատիժը կրել քրեակատարողական հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում»: Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ  եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2017 թվականի փետրվարի 3-ին, Հանձնաժողովը վարույթն իրականացնող մարմնին միջնորդել է տրամադրել Արթուր Սարգսյանին ձերբակալելու ժամկետին նախորդող ժամանակահատվածում բժշկական հաշվառման և հսկողության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, միաժամանակ Հանձնաժողովի կազմում ներգրավել բժշկագիտության բնագավառի տարբեր ոլորտների առաջատար նեղ մասնագետների, ինչպես նաև փորձաքննության իրականացման համար ապահովել Արթուր Սարգսյանի ներկայությունը փորձաքննությանը՝ նրան համապատասխան նեղ-մասնագիտական կլինիկալաբորատոր և գործիքային անհրաժեշտ հետազոտությունների ենթարկելու նպատակով, որը նախատեսվում է իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում, 2017թ. փետրվարի 6-ին: Վարույթն իրականացնող մարմինը 2017 թվականի փետրվարի 4-ին ծանուցագիր է ուղարկել Արթուր Սարգսյանին՝ հարցաքննության ներկայանալու, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցելու վերաբերյալ: 2017 թվականի փետրվարի 6-ին Արթուր Սարգսյանը հարցաքննվել է և հայտնել, որ չի ցանկանում ներկայանալ փորձաքննությանը: 2017 թվականի փետրվարի 7-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմվել է տեղեկանք, համաձայն որի՝ հեռախոսազանգի միջոցով Արթուր Սարգսյանը տեղեկացվել է փորձաքննության ներկայանալու անհրաժեշտության մասին, սակայն վերջինս հայտնել է, որ դեռևս այդ հարցով չի խորհրդակցել իր պաշտպանների հետ, հետևաբար հրաժարվում է ներկայանալ: 2017 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Արթուր Սարգսյանը չի ներկայացել փորձաքննության, իսկ փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, վերը նշված իրավանորմերի պահանջների անտեսմամբ. հարցերին պատասխանելու համար ներկայացված նյութերը բավարար չլինելու վերաբերյալ եզրակացություն չի կազմվել, Հանձնաժողովի եզրակացությունը որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում չի պարունակում: 2017թ. փետրվարի 8-ին տրված՝ փորձագետի թիվ 17-0202 եզրակացության համաձայն. «(...) Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների, կատարված ռենտգեն, ողնաշարի մագնիսառեզոնանսային և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի համակարգչային շերտագրություն հետազոտությունների արդյունքների՝ ներկայումս Արթուր Սարգսյանի մոտ առկա է՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ («Բեխտերևի» հիվանդութ­յուն) պրոգրեսիվ ընթացքով, երկկողմանի սակրոիլեիտով 4-րդ աստիճանի, սինդեզմոֆիտոզով, կոնք-ազդրային հոդերի երկկողմանի երկրորդային դեֆորմացնող օստեոարթրոզով 3-րդ աստիճանի, առանց ներքին օրգանների ախտահարման, որոնք ունեն զարգացման տարիների վաղեմություն: Ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի  մոտ  առկա   է   նաև  վիճակ  ողնաշարի  պարանոցային  առաջին  և երկրորդ ողերի վիրահատական միջամտությունից հետո (ըստ ներկայացված թիվ 3909 պատմագրի քաղվածքի, կատարված 01.07.1997թ.), որովայնի սպիտակ գծի ճողվածք, էրոզիվ գաստրիտ, բուլբիտ, որոնց առաջացման վաղեմության վերաբերյալ ստույգ եզրահանգումներ կատարել հնարավոր չէ: Առանց սույն փորձաքննության իրականացման շրջանակներում Արթուր Սարգսյանի մոտ օբյեկտիվ զննության իրականացման պարզել անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի հետևանքով ներկայումս նրա մոտ հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարման աստիճանը հնարավոր չէ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայացված բժշկական փաստաթղթերի, նաև նախորդ փորձաքննության թիվ 273/հձ եզրակացության տվյալներում առկա չեն համապատասխան ֆունկցիոնալ փորձերի՝ չափումների արդյունքները: Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների) չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին»: Մեղադրյալ Արթուր Սարգսյանն իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, 2017 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվել է, նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: 2017 թվականի փետրվարի 10-ին Արթուր Սարգսյանը դիմում է հասցեագրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ հայտնելով, որ հայտարարում է հացադուլ: 2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է անձնական երաշխավորությամբ: 2017 թվականի մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 2017 թվականի մարտի 10-ը ներառյալ: «Արմենիա» ՀԲԿ-ի թիվ 1080/198 հիվանդության պատմագրի համաձայն՝ 2017 թվականի մարտի 11-ին՝ ժամը 9:00-ից, Արթուր Սարգսյանը բացակայել է հիվանդասենյակից: 2017 թվականի մարտի 15-ին, Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Նշված բժշկական կենտրոնի բժիշկների կազմած մահվան էպիկրիզի համաձայն՝ 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից 2017 թվականի մարտի 15-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Արթուր Սարգսյանի առաջնային դիտումից հետո ախտորոշվել է օղակված պորտային ճողվածք և վերջինս հոսպիտալացվել է 1-ին վիրաբուժական բաժանմունքում: Արթուր Սարգսյանին ցուցվել է շտապ կյանքի ցուցումներով վիրահատական բուժում: Կատարված նախավիրահատական հետազոտություններից և նշանակումներից հետո, 15.03.2017թ.՝ ժամը 20:15-ին, Արթուր Սարգսյանը տեղափոխվել է վիրահատարան: Ժամը 22:05–ին ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է վիրահատություն: Արթուր Սարգսյանը հետնարկոտիկ քնի վիճակում արհեստական շնչառությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով: 16.03.2017 թվականի ժամը 15:40-ին գրանցվել է Արթուր Սարգսյանի կենսաբանական մահը: 2017 թվականի մարտի 17-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0408 եզրակացության  համաձայն. «Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձույլ թոքաբորբով, օջախային շճային միոկարդիտով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, օղակված պորտային ճողվածքի և սուր բարակաղիքային օբտուրացիոն անանցանելիության կապակցությամբ կատարված վիրահատությամբ՝ որովայնահատմամբ, տարածուն շճային պերիտոնիտով, վիրուսային հեպատիտ «C»-ով, քրոնիկ հեպատիտի ֆոնի վրա լյարդի ոչ լրիվ սեպտալ ցիռոզով, ներքին օրգանների ծանր միկրոցիրկուլյատոր խանգարում­ներով, դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որոնք առկա են եղել Ա.Սարգսյանի մոտ կենդանության օրոք և մահվան անմիջական պատճառի հետ գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ»: Նույն եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանը կենդանության օրոք տառապել է նաև   «Բեխտերևի»   հիվանդությամբ՝ խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով: Ըստ առկա բժշկական փաստաթղթերի տվյալների՝ Արթուր Սարգսյանի մոտ «Բեխտերևի» հիվանդությունը ախտորոշվել է 1988 թվականին: Թիվ 69000817 քրեական վարույթով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 2018 թվականի նոյեմբերի 1-ին ստացված փորձագետի թիվ 9/կ եզրակացության համաձայն. «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդություններից «Բեխտերևի» հիվանդությունն իր պրոգրեսիվ ընթացքով,  հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի և կայուն խանգարումով, շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարման հետևանքով այլ օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման բարձր հավանականությամբ դասվում է ծանր հիվանդությունների շարքին: Արթուր Սարգսյանի մոտ առկա է եղել ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարում՝ հենաշարժակաև ապարատի ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով: Սույն հետևությունը հաստատվում է Արթուր Սարգսյանի հիվանդության կլինիկական արտահայտությամբ, համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային հետազոտության պատկերների նկարագրությամբ, նրա դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային ողերի, միջողային կապանների միաձուլված, անշարժ «բամբուկի ձողի» պատկերի նկարագրությամբ: Հետևաբար, Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: Հանձնաժողովը գիտականորեն հիմնավորված և հավաստի է համարում միայն դատաբժշկական փորձաքննության թիվ 273/հձ եզրակացությունը: Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հիվանդությանը: Քննիչի որոշմամբ նշանակված է եղել Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն, ինչը դատական բժշկության մեջ համարվում է կենդանի անձի փորձաքննություն: Արթուր Սարգսյանը փորձաքննության չի ներկայացել, փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է քննչական նյութերի հիման վրա: Վարույթն իրականացնող մարմնի հանձնարարականը կամ համաձայնությունը փորձաքննության ընթացքի փոփոխության մասին թիվ 17-0202 եզրակացության փաստաթղթերում առկա չէ: Տվյալ իրավիճակում, եթե Հանձնաժողովը եզրակացություն տալու համար ֆունկցիոնալ փորձերի իրականացումն անհրաժեշտ է համարել, ապա Արթուր Սարգսյանի փորձաքննության չներկայանալու պարագայում, առավել ճիշտ կլիներ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել եզրակացություն տալու անհնարինության մասին»: Նախաքննության ընթացքում Արմեն Չարչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից հնարավոր է եղել գալ եզրահանգման, որ վերջինիս մոտ առկա «Բեխտերևի» հիվանդությունը չի ունեցել ծանր պրոգրեսիվ ընթացք և  չի դասվել ՀՀ Կառավարության 2006թ. թիվ 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Նշել է, որ Հանձնաժողովի եզրակացությունը չէր կարող լինել վերջնական և լիարժեք, քանի որ փորձաքննվողը հրաժարվել է ներկայանալ փորձաքննության, որի պայմաններում կենթարկվեր կլինիկական զննման լաբորատոր գործիքային հետազոտությունների: Փորձաքննության ժամանակ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն»: Նույն օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում»: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են նաև փորձագետներ Արտուր Ղամբարյանը, Երվանդ Սահակյանը, Ալլա Սանաղյանը, Աստղիկ Կարապետյանը, Նելլի Խոստիկյանը, Քնարիկ Գինոսյանը, Արարատ Լևոնյանը և Տաթևիկ Սահակյանը: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարների վերծանումները: Վերծանումների տվյալների զննությամբ և փորձագետների հարցաքննությունների արդյունքների համադրմամբ պարզվել է, որ Հանձնաժողովի անդամները միայն մեկ անգամ՝ 2017 թվականի փետրվարի 8-ին են լիակազմ նիստի մասնակցել, այն էլ՝ 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև թիվ 17-0202 եզրակացությունը տված Հանձնաժողովի բոլոր անդամները: Արմեն Չարչյանի կողմից օգտագործված բջջային հեռախոսահամարի հեռախոսազանգերի վերծանումների և դրանք սպասարկած ալեհավաք կայանների տեղակայումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ հիմնավորվել է Արմեն Չարչյանի՝ 2017 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 12:17-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվելու հանգամանքը: 2022թ. դեկտեմբերի 5-ին որոշում է կայացվել  առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Վարդան Խաչիյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: 2022թ. նոյեմբերի 10-ին որոշումներ են կայացվել առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արտուր Ղամբարյանի և Արմինե Հարոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել վերջիններիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.08.2003թ., ուժը կորցրել է 01.07.2022թ.) 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Հայկազն Չախոյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի հյուսվածքաբանաքիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դատաբժշկական բաժանմունքի պետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Հայկազն Չախոյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Հայկազն Չախոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Կարեն Մխիթարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում որպես դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության նույն բաժնի փորձագետ: 2022թ. նոյեմբերի 21-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկող դատախազի համաձայնեցմամբ, մեղադրյալ Կարեն Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը: Կարեն Մխիթարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Արտուր Ղամբարյանը թոշակառու: Փորձաքննությունը կատարելիս հանդիսացել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձագետ: Արտուր Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արտուր Ղամբարյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Արմինե Հարոյանն աշխատել և աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես ռևմատոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի գլխավոր ռևմատոլոգ: Արմինե Հարոյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Արմինե Հարոյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Վարդան Խաչիյանն աշխատել և աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես նյարդաբանական ծառայության ղեկավար: Վարդան Խաչիյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարդան Խաչիյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Առերևույթ ակնհայտ կեղծ եզրակացություն տված փորձագետ Արմեն Գերասիմի Չարչյանն առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Վերոշարադրյալի հիման վրա գտնում ենք, որ վկայակոչված ապացույցներով հաստատվում է, որ պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա՝ վերը նշված հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդութ­յունը ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:
13:21 - 08 փետրվարի, 2023
Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Չեմ կիսում այն կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանը «ձեռքերը լվանում է» քաղաքականությունից, դա ավելի շուտ իշխանության ցանկությունն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ամեն օր ու ամեն ժամ այս իշխանությունը ցույց է տալիս ոչ միայն իր անկարողությունը, այլև հանցավոր վարքագիծը մեր երկրի պաշտպանության ու անվտանգության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով Ամեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար  անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության ներկայացմանը, Մինասյանը ասաց․ «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, թե ինչ պայմաններում են իշխանությունները դաշտ նետում նման հարցերը, տեղի ունեցավ հայտնի ողբերգությունը և որպեսզի շեղվի հանրության ուշադրությունը, դաշտ նետեցին այդ թեման։  Այս իշխանության վարքագիծը դեռ հայտնի էր այն ժամանակ, երբ ընտրություն կոչված երևույթն էր տեղի ունենում, մեր երեք պատգամավորներին կալանավորել էին և միայն ՍԴ հայտնի որոշումից հետե ազատ արձակվեցին։ Արմեն Չարչյանը առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող մարդկանց կյանք փրկել։  Այս իշխանության համար այս մարդիկ դարձել են հակառակորդ։ Հերոսներին ոչնչացնելով՝  փորձում են ցույց տալ, որ հերոսները իրենք են»,- ասաց Մինասյանը։ Լրագրողների հարցին՝ ճիշտ են այն տեղեկությունները, թե երկրորդ նախագահը, որը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է,  «ձեռքերը լվանում» է  քաղաքականությունից, Մինասյանը ասաց․  «Ես չեմ կիսում այդ տեսակետը, իմ ամենօրյա աշխատանքը թե՛ խմբակցությունում և թե՛  խմբակցության քարտուղարի պաշտոնում  և նաև քննարկումների ծավալը նման ենթադրության տեղիք չի կարող տալ։ Ի վերջո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ու մնացել է այդ դիրքի վրա, որ այս իշխանությունը չի կարող որևէ լավ բան բերել երկրին։ Հետևաբար մտածել, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է դադարեցնել պայքարը, միայն այս իշխանության ցանկությունն է»։ Խոսելով խմբակցության ներսում հնարավոր հակասությունների մասին, Մինասյանն ասաց, որ դա նորմալ և խոսում է խմբակցության ներսում ժողովրդավարության մասին։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
19:05 - 23 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա․Չ․ի (Արմեն Չարչյանի-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Photolure-ի
12:58 - 23 հունվարի, 2023