ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
13:52 - 15 հունիսի, 2025

ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: 

Մասնավորապես՝ փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։ 

Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան: 

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց», - նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել