Հայաստանն ընտրվել է Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ․ կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
«Ս.թ. հունիսի 18-ից 20-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը։ Հայաստանն ընտրվեց փոխնախագահ՝ բյուրոյում ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթ ունեցավ հաշվետու ժամակահատվածում քարտուղարության գործունեության վերաբերյալ զեկույցի շուրջ՝ անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում արտիստների ստեղծագործական գործունեության շարունակականության և մշակութային կյանքի պաշտպանության կարևորությունը։
ՀՀ պատվիրակությունը ելույթներ ունեցավ նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, Կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։
Նստաշրջանի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվեց 2005թ․ Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ նաև 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրեց «Երազ» պարային համույթը», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)