Վաղն ԱԺ-ում կքննարկվի տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագիծը
 |1lurer.am|
12:47 - 30 հունիսի, 2025

Վաղն ԱԺ-ում կքննարկվի տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Օրենսդրական փաթեթ էր ուղարկվել խորհրդարան, և այն պետք է քննարկվի ԱԺ արտահերթ նիստին, որը կգումարվի վաղը: Կսահմանվի 24-ժամյա ռեժիմ այն ընդունելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Նախատեսված է, որ քաղաքապետի որոշմամբ է սահմանվում աշխատանքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է լինելու համապատասխան վարչարարություն իրականացնել: Փաթեթի ընդունումից հետո համապատասխան որոշմամբ կարող է պարտականություն դրվել հասարակական կարգի պահպանության ծառայության վրա»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ 6 ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի պարզ դառնար՝ ինչ խնդիրներ կան՝ կապված միասնական տոմսային համակարգի հետ:

«Ունենք քաղաքացիներ, որոնք միգուցե մտածում ե , որ եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի՛ քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է:

Ուզում եմ հատուկ նախազգուշացնել, որպեսզի հետո նաև այդ մեծ բողոքները չլինեն՝ բա ինչի՞ այսպես եղավ: Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղն ԱԺ-ում, որը նախատեսում է հստակ տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ տեղեկատվական արշավ իրականացնելուց հետո՝ ինչ-որ փուլից սկսած, կսկսվեն տուգանքները։  

Ավինյանը կարևորեց նաև ավտոբուսներում երկրորդ վալիդատոր ունենալու հարցը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ավտոբուսներում երկրորդ վալիդատորների ամբողջական տեղադրումը կավարտվի մինչև հուլիսի վերջ։ MAN ավտոբուսներում դրանք արդեն տեղադրված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել