Ավինյանը՝ կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային հարթակի խնդիրների մասին |1lurer.am|
11:34 - 30 հունիսի, 2025

Ավինյանը՝ կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային հարթակի խնդիրների մասին |1lurer.am|

1lurer.am: 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների տրամադրման վարչարարությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, և հարթակի հետ կապված դեռևս խնդիրներ կան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Կուզենայի հասկանալ այս օբյեկտիվ դժգոհությունները, որոնք մեր քաղաքացիներն ունեն: Ինչո՞ւ մինչ այս պահը դեռ լուծումներ չեն ստացել»,- հետաքրքրվեց Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ալիկ Վարդազարյանը հաստատեց՝ խնդիրներ ի հայտ են գալիս վարչարարություն իրականացնելիս և խիստ անհարմարություն են առաջացնում կառուցապատողների, նախագծողների, նաև պետական և համայնքային ծառայություններում։

«Վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով վեր են հանվել բազմաթիվ տեխնիկական և կառուցվածքային խնդիրներ, որոնց մի մասը տեղային լուծումներ ստացել է, սակայն որոշ հարցեր՝ դեռ ոչ, և ընթացքում ի հայտ են գալիս նորերը»,- պարզաբանեց նա և թվարկեց այդ խնդիրները:

Քաղաքապետը կրկնեց՝ 6 ամիս է, ինչ համակարգը գործարկվել է, բայց մինչ այս պահը բազմաթիվ խնդիրներ կան:

«Առհասարակ էլեկտրոնային հարթակների ձևավորումը շատ կարևոր է, որ պրոցեսուալ տեսանկյունից իրականացվի որոշակի փուլայնությամբ,- ասաց նա և հավելեց,- ո՞վ է պրոցեսների պատասխանատուն, հազարավոր քաղաքացիներ դժգոհ են մեզանից: Մենք այդ օրենքը չենք փոխել, մենք այդ պրոցեսը չենք կազմակերպել: 6 ամիս անցել է, և եթե շարունակի համակարգն այսպես աշխատել, այն աշխատեցնելու անհնարինության բերումով մենք ստիպված պիտի լինենք հրաժարվել համակարգից: Սա հայտնում եմ ի լուր աշխարհի և ցավով եմ հայտնում, որովհետև համակարգը շատ դրական կողմեր ունի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել