azatutyun.am: Քաղաքապետարանի աշխատակիցները «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից հեռացնում են ռուսաստանանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի պաստառը:
Այն մոտ երեք հարկ բարձրություն ունի: Քաղաքապտարանի աշխատակիցները հիմնավորում են, որ սա Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37 որոշմամբ գովազդ է համարվում և պետք է հեռացի: Որոշման համաձայն նման չափի գովազդներ տեղադրելու համար անհրաժեշտ է վարչական շրջանի ղեկավարի կողմից թույլտվություն: Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ նման թույլտվություն չկա:
«Տաշիր»-ի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը սա ապօրինի է համարում՝ նշելով, որ որոշումը վիճարկելու են դատարանում:
Անցած շաբաթ էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից հեռացնում էին գովազդային էկրանները, որոնց վրա գործարար Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Գովազդային վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող «Տաշիր սթրիթ» մոլի մուտքերի մոտ:
Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար: Քրեական գործը շինծու է, ապօրինի, աբսուրդ, պնդում է Կարապետյանի պաշտպանական խումբը, կատարվողը որակում են քաղաքական հետապնդում:
Գործարարի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Վիճարկում են գործարարին ազատազրկելու որոշումը:
comment.count (0)