«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է՝ Արամ Սիմոնյանն իր հրաժարականից առաջ արեց վերջին անօրենությունն ու վատությունը ԵՊՀ-ին կամ էլ հանրապետական կուսակցության ոճի ռեբրենդինգ համալսարանում։
«Պարզվում է, որ «հանկարծակի» հրաժարական տված Արամ Սիմոնյանն այդքան էլ հանկարծակի չի հրաժարական տվել»,- գրել է նա՝ ավելացնելով, որ մայիսի 23-ին ԵՊՀ-ում տեղի է ունեցել կոպտագույն խախտումներով Գիտխորհրդի նիստ, որի ժամանակ Արամ Սիմոնյանը ցանկանում էր ամեն կերպ հաստատել իր կողմից բացված բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած փոփոխությունները։
Նա ներկայացրել է գիտխորհրդի կանոնակարգի այն կետերը, որոնք, ըստ իրենց, խախտվել են։
«2) ռեկտորի ներկայացմամբ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.
12. Գիտական խորհրդի քարտուղարը, գիտական խորհրդի նիստ (հերթական կամ արտահերթ) հրավիրելու և նիստի օրակարգի մասին գրավոր ծանուցում է գիտական խորհրդի անդամներին հերթական նիստի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ, արտահերթ նիստի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ: Գիտական խորհրդի տվյալ նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ փաստաթղթային փաթեթը (որոշումների նախագծեր, տեղեկանք-հիմնավորումներ և այլն) գիտական խորհրդի անդամներին ուղարկվում է նիստի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ»,- ասված է գրառման տեքստում:
Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ Արամ Սիմոնյանը նախ ասաց, որ ինքը պետք է ներկայացնի կառուցվածքային փոփոխությունների փաթեթը ՝ անկախ Գիտխորհրդի կարծիքի, որ խախտում է 2-րդ կետը։ «Գիտխորհրդի անդամներին ոչ 5 օր առաջ, ոչ 3 օր ոչինչ չի տեղեկացվել, դեռ ավելին՝ Արամ Սիմոնյանը ասեց, որ կարան քսերքս անեն ու նայեն նիստի ժամանակ։ Այս ամենին ի պատասխան Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և Դիսկրետ մաթեմաթիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արա Ալեքսանյանը լքեցին նիստերի դահլիճը»,- գրել է նա։
Ըստ «Ռեստարտ»-ի անդամի՝ նիստի ժամանակ շատ պարզ երևաց, որ Արամ Սիմոնյանը, սեփական պաշտոնական դիրքը չարաշահելով, ուղղակի ստիպում է, որ փոփոխությունները ընդունվեն՝ չցանկանալով լսել այլ կարծիք ունեցող մարդկանց դիտարկումները։ «Սա առնվազն կասկածելի է դարձնում, թե՛ Արամ Սիմոնյանի հրաժարականի այսպես ասած անսպասելի լինելը, թե՛ այդ հանձնաժողովի պատասխանատու Վահե Հովհաննիսյանի գործողությունները։
Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է այս անօրենությանը գնահատական տալ»,- գրել է Պետրոսյանը։
Դավիթը նաև նշել է, որ այս ամենին գումարած պարզվում է՝ բարեփոխումների հանձնաժողովի պատասխանատուի՝ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը վաղը առաջարկվելու է որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ավելին, զարմանալի չէ, որ այս «բարեփոխումների» արդյունքում նախկին ռեժիմի շահերը սպասարկած «Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը» ոչ թե փակվելու է, այլ մեծանալու։
Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ բացում ես հանձնաժողով, պատրաստում ես իրավահաջորդ ու թքած, թե համալսարանի հետ ինչ կլինի, կարևորը որ քո գնալուց հետո քեզ կգովան, որովհետև դու ես այդ մարկանց «проход» տվել»,- գրել է նա։
Պետրոսյանի խոսքերով՝ հարցեր շատ կան, բայց մի բան պարզ է՝ ԵՊՀ-ում ամեն ինչ շարունակվում է արվել խմբային շահերի տեսանկյունից, ովքեր զուտ իրենց աթոռի դարդն են, այլ ոչ՝ համալսարանի։
Ըստ նրա՝ այս ամենն ուղղակի նախկին ռեժիմի ու ԵՊՀ ղեկավարության տրամաբանության մեջ է ու հեղափոխության արժեքներին դեմ։ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար չպետք է ընտրվի մարդ, որ մի քիչ ռեբրենդինգով, բայց նույն ձև է վարվելու համալսարանի հետ»,- գրել է «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
comment.count (0)