tert.am: «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքի 8 հողօգտագործող 2019 թ. մարտ ամսին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և պահանջում են, որ այգիների նկատմամբ իրենց իրավունքները վերականգնվեն։
Հողօգտագործողների շահերը ներկայացնող փաստաբան Արայիկ Պետրոսյանը հրավիրված ասուլիսին նշեց, որ 94-95 թթ. վարձակալության պայմանագրերի հիման վրա 10 տարի ժամկետով համահայցորդները տիրապետել և օգտագործել են ընդհանուր առմամբ 6,57 հա հողատարածքը: Ժամանակի ընթացքում՝ 2000-ականներից սկսած, դիմել են Երևանի քաղաքապետարան, որ հողակտորները օտարվեն իրենց։ Մինչդեռ, ըստ նրա, այս ընթացքում որևէ արձագանք չեն ստացել, փոխարենն արդեն տեղեկացել են, որ 2019 թ. հողն օտարվել է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, և այդ տարածքում կառուցվելու է «Վերածնունդ» երիտասարդական ավանը։
Արայիկ Պետրոսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը մի շարք օրենքների խախտումով է օտարել «Դալմայի այգիներ» հողատարածքները, կանաչապատ տարածքները, որոնք այժմ կառուցապատվում են:
«Քաղաքապետարանը հողատարածքը վաճառել է առանց աճուրդի, առանց փաստացի հողօգտագործողներին տեղյակ պահելու: 457 մլն դրամով է վաճառվել, ստացվում է 1 քմ-ն վաճառվել է մոտ 7000 դրամով և միգուցե աճուրդով վաճառվելու դեպքում ավելի մեծ գումարներ քաղաքային բյուջե մտներ»,-ասաց նա և նշեց, որ պահանջում են, որ վաճառքն անվավեր ճանաչվի, հողատարածքները ձեռք բերեն այգիները մշակող հողօգտագործողները, կամ նրանց այլ վայրում տրամադրվեն հողեր կամ փոխհատուցում:
comment.count (0)