Գեղարքունիքում նախատեսվում է տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ |armenpress.am|
12:01 - 19 սեպտեմբերի, 2019

Գեղարքունիքում նախատեսվում է տեղադրել կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ |armenpress.am|

armenpress.am։ Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին, «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանին, կազմակերպության այլ ներկայացուցիչների: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը, աշխատանքային խումբը նպատակ ունի Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների մաքրման կայանների տեղադրումից հետո նույն հատվածներում տեղադրել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ,որոնք հնարավորություն կտան՝ կոյուղաջրերի մաքրման աստիճանը հասցնել մինչև 98 տոկոսի:

«Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ երեք քաղաքների կոյուղաջրերին ինչպիսի ջրեր են խառնվում, հնարավո՞ր է արդյոք փոխել դրանց ուղղությունը, որպեսզի հստակեցնենք, թե ինչ հզորության կայաններ կարող ենք տեղադրել տվյալ տարածքներում: Որքան քիչ ջրեր խառնվեն կոյուղաջրերին, այնքան փոքր հզորության կենսաբանական մաքրման աերացիոն կայաններ կտեղադրենք և ֆինանսական առումով պակաս գումար կծախսենք դրանց ձեռքբերման ընթացքում»,- նշեց «Թիմ Մաստեր» ՍՊԸ հիմնադիր Մանվել Գաբրիելյանը:

Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել գործընթացին իր հնարավորության և լիազորության շրջանակներում և աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց անձամբ այցելել տարածքներ, ուսումնասիրություն անցկացնել և ևս մեկ հանդիպում ունենալ՝ գաղափարի շուրջ ավելի կոնկրետ քննարկում կազմակերպելու համար:

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ աշխատանքային խումբը մեկնեց մաքրման կայանների տարածքներ՝ դիտարկում անցկացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել