ՀՀ կառավարությունը միակողմանի խզում է պայմանագիրը Հյուսիս-հարավ ճանապարհաշինության զբաղվող «Կորսամ Կորվիամ» ընկերության հետ․|lragir.am|
14:00 - 02 հոկտեմբերի, 2019

ՀՀ կառավարությունը միակողմանի խզում է պայմանագիրը Հյուսիս-հարավ ճանապարհաշինության զբաղվող «Կորսամ Կորվիամ» ընկերության հետ․|lragir.am|

lragir.am:  ՀՀ կառավարությունը միակողմանի խզում է պայմանագիրը Հյուսիս-հարավ ճանապարհաշինության ծրագրով Տրանշ 2-ի կապալառու իսպանական «Կորսամ Կորվիամ» ընկերության հետ, և սպասվում է արբիտրաժային գործընթաց: Այս մասին այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Տրանշ 2»-ում խնդիրներ կան իսպանական ընկերության հետ, նույն խնդիրներն ունեն նաև ենթակապալառուները: Ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և մենք այս պահին պայմանագրի միակողմանի խզման պրոցեսում ենք: Ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց»,- պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին ի պատասխան ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ այս գործընթացով կառավարությունը մեծացրել է ճանապարհի կառուցման հնարավորությունները, որովհետև դեպի սնանկություն գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել:

«Այդ պահի դրությամբ մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ քննարկում ենք, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու: Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի: Եվ կոնսորցիումներով միջազգային կամ տեղական ընկերություններ կմասնակցեն այդ մրցույթին, որպեսզի ճանապարհի այդ հատվածը կառուցվի»,- ասաց Ավինյանը:

Ինչ վերաբերում է երրորդ տրանշին, փոխվարչապետն ասաց, որ այդ ուղղությամբ այս տարի ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել: «Մենք այս պահին բանակցություններ ենք վարում չինական ընկերության հետ՝ ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու հետ կապված: Եվ այդ փոփոխությունները պետք է համաձայնեցվեն կառավարության հետ, որից հետո ծրագիրը շարունակվելու է: Երրորդ տրանշում ունենք բնականոն ընթացք»,- նշեց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մյուս հատվածներում պատրաստվում են մրցութային փաթեթները: Ընդհանուր առմամբ, ճանապարհի կառուցման ընթացքը բավական ինտենսիվ է: Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման հարցն էլ է քննարկվում, բանակցություններ են ընթանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրամիության հետ, տեղեկացրեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել